Փարիզում կարծում են, որ Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այժմ հայտնվել են այն իրավիճակում, երբ նրանց հարկավոր է կամ հրաժարվել Եվրամիությունից իրենց երկրի խոստացված դուրս գալուց (Brexit), կամ համաձայնել անխուսափելի տնտեսական աղետին, որը տեղի կունենա ԵՄ-ի հետ կապերը խզելու դեպքում: Այս կարծիքը նոյեմբերի 16-ին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը։
«Բրիտանացի այն քաղաքական ղեկավարների առջեւ, որոնք հանդես էին գալիս Brexit-ի օգտին, այժմ ընտրություն է ծառացել իրենց անհեթեթ քաղաքական խոստումից հրաժարվելու եւ տնտեսական աղետի միջեւ, որի հենց առաջին զոհը կդառնա բրիտանացի ժողովուրդը»,-հայտարարել է նա Փարիզում՝ ելույթ ունենալով Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ապագային նվիրված խորհրդաժողովում:
Նոյեմբերի 14-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքի նախագիծը: Արդեն նոյեմբերի 15-ի առավոտյան Մեյի թիմի միանգամից չորս անդամներ, այդ թվում՝ Brexit-ի գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը եւ աշխատանքի ու թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվեյը, իրենց պաշտոններից հրաժարական են տվել՝ ի նշան համաձայնագրի նախագծի հավանության արժանացած պայմաններին անհամաձայնության. նրանք այն համարել են չափազանց մեծ զիջում Բրյուսելին, ինչը հակասում է այն բանին, ինչի օգտին բրիտանացիները քվեարկեցին 2016 թվականին անցկացված հանրաքվեում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: