«Շատ կարևոր մեսիջ՝ սա վարչապետի ընտրություն չէ, մենք ընտրում ենք Ազգային ժողով». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ կարող են անսպասելի ինչ-որ դաշինքներ ձևավորվել։ 168.am-ի հետ զրույցում նա դեռ վաղ համարեց անդրադառնալ ընտրություններին իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերի ընտրացուցակների խնդրին։

«Դա ճիշտ կլինի առաջադրումներից հետո, քանի որ պարզ չի, թե որ ուժերը կառաջադրվեն, ինչ կլինի»,- ասաց Ս.Գրիգորյանը։

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» «ծաղկաքաղ» է անում, ընտրացուցակում ներգրավում են հանրապետականների օդիոզ դեմքերի զավակների, քրեական հեղինակությունների ազգականների, այլ կուսակցությունների ներկայացուցիչների, և այլն, նման հավաքական կերպարն ինչքանո՞վ ընդունելի կլինի ընտրողների կողմից, և ի՞նչ քաղաքական ապագա կարող է ունենալ, Ս.Գրիգորյանը հորդորեց սպասել մինչև վերջնական առաջադրեն, որից հետո միայն կարելի կլինի ասել՝ ով կա, ով չկա։

Ըստ նրա՝ շրջանառվող տարբեր լուրերի մի մասը կարող է հետագայում չհաստատվել. «Այդ առումով չեմ մեկնաբանի, բայց այն, որ շատ հավանական է, որ տարբեր ուժերից տարբեր մարդիկ կլինեն ցուցակում, այո, և դա կարող է բերել նրան, որ դա գաղափարական միություն չի լինի»։

Սակայն, ըստ նրա, քաղաքացիներն ընտրության ժամանակ ավելի շատ ընտրելու են ոչ թե կուսակցություն, այլ՝ Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ ճիշտ կլինի ուսումնասիրել ցուցակները, ապա նոր միայն քվեարկություն կատարել։

«Մենք պետք է շատ կարևոր մեսիջ ուղարկենք հասարակությանը՝ սա վարչապետի ընտրություն չէ, մենք չենք ընտրում վարչապետ, մենք ընտրում ենք Ազգային ժողով, ընտրում ենք տարբեր ուժերի։ Այլ հարց է, որ վարչապետն ունի բարձր վարկանիշ, դա շատ լավ է, բայց մարդիկ պետք է հասկանան՝ նոր կարգով, նոր Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվում է ԱԺ ներսում, իրենք հիմա վարչապետ չեն ընտրում, և մարդիկ պետք է նայեն ծրագրերը, նայեն ցուցակները, նոր միայն կողմնորոշվեն։

Ընտրությունը պետք է կատարվի ոչ թե անձի հետ կապված, ասենք՝ այս անձը լավն է, մենք գնում ենք ընտրենք, այլ նայենք, թե ովքեր են ցուցակներում։ Ի վերջո, այլ կերպ դնենք հարցը՝ ընտրեցինք ՔՊ-ին, մեծամասնություն կազմեցին, բայց եթե չուսումնասիրեցինք, թե ովքեր են ցուցակում, Նիկոլ Փաշինյանն իրենց փոխարեն կաշխատի՞։

Ուրեմն եկեք շատ գիտակցված քվեարկենք, ուսումնասիրենք ցուցակները, ըստ դրա՝ գնահատենք այս կամ այն կուսակցությանը, ունե՞ն իրենք ծրագրեր, թե՞ չունեն, այդ ծրագրերը որո՞նք են»,- ասաց Ս.Գրիգորյանը։

Անդրադառնալով տեսակետին, որ, եթե Փաշինյանը չկարողացավ այս ընթացքում կուսակցությունը կայացնել, ինչպե՞ս է բարեփոխումներ իրականացնելու և ինստիտուտները կայացնելու, կենտրոնի նախագահը նշեց, որ դրա մասին ավելի ուշ պետք է խոսել, այսօր ամենակարևոր հարցը ցուցակներն են.

«Ես իրոք չեմ պատկերացնում, որ, եթե Հանրապետական կուսակցության հայտնի ներկայացուցիչները հայտնվեն ինչ-որ ցուցակում, այդ ցուցակը հետո ո՞նց կարող է աշխատել։ Իսկապես չեմ պատկերացնում»։

Թե ո՞ր ուժերը կլինեն ընդդիմադիր դաշտում, արդյոք ՀՀԿ-ն Փաշինյանի միակ և իրական ընդդիմությո՞ւնն է, ինչի մասին հայտարարում են ՀՀԿ-ականները, Ս.Գրիգորյանը նշեց.

«Նախ՝ ՀՀԿ-ի տեղը բանտում է։ Երկրորդ՝ ՀՀԿ-ն ավելի ճիշտ կանի չառաջադրվի, քանի որ դա կբերի սև-սպիտակ պայքարի, ինչը հայ ժողովրդին պետք չէ։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով։ Մեր վզին այդ ռեյտինգայինը կրկին փաթաթեցին, և հիմա իրար հետևից շատ կուսակցություններ հրաժարվում են մասնակցել ընտրություններին հասկանալի պատճառներով։

Հենց ՀՀԿ-ն պնդեց ու մի անգամ էլ կարողացավ անցկացնել այդ խայտառակ ռեյտինգայինը։ Ուրեմն՝ թող լռեն, իրենց տեղն ուրիշ տեղ է, այլ ոչ թե ընդդիմադիր դաշտը։ Պետք է հասկանանք, որ այս ընտրությունները, որ, դժբախտաբար, ռեյտինգայինով ենք գնում, այնուամենայնիվ, շատ կարևոր են, ու շատ լավ կլինի, եթե այս ձևի ուժեր չլինեն, որ մարդիկ նորմալ ուսումնասիրեն դաշտը, կողմնորոշվեն»։

«Եվ ամենակարևորը՝ շատերը խառնում են երկու համակարգեր՝ նախագահական և խորհրդարանական։ Նախագահականում ի սկզբանե պարզ է՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, իսկ խորհրդարանականում նախապես չենք կարող ասել։

Օրինակ, տեսականորեն, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը պարտվի, ուրեմն իրենք կլինեն ընդդիմություն, ոչ թե՝ իշխանություն։ Խորհրդարանական համակարգում ընդդիմությունն ու իշխանությունն ընտրությունների արդյունքում է որոշվում։ Ով հաղթեց՝ ավտոմատ իշխող ուժ է, մյուսները, եթե նույնիսկ մոտ դիրքորոշում ունեն, նրանք բոլորը կտեղավորվեն, շատ հավանական է՝ հենց ընդդիմադիր դաշտում։ Այստեղ համակարգն է ուրիշ, ի սկզբանե ասել՝ ով ով է, դժվար է։ Փաշինյանին միայն քննադատելը չի նշանակում, որ ընդդիմադիր են։

Այ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը կներկայացնի իր ծրագիրն այս ընտրարշավի ժամանակ նոյեմբերի 26-ից հետո, և մյուս ուժերը կասեն իրենց դիրքորոշումը, կարող ենք ասել՝ ով ով է։ Բայց ընդդիմադիրը կուրվագծվի ընտրություններից անմիջապես հետո»,- հավելեց Ս.Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս