
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բացվեց Սիլվա Կապուտիկյանին նվիրված պուրակ

Մեծանուն գրող Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանին ընդառաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց «100 ծառ՝ Սիլվա Կապուտիկյանին» պուրակը: Դպրոցի աշակերտները պուրակում տնկեցին ինչպես դեկորատիվ, այնպես էլ` պտղատու ծառեր:
«Կապուտիկյանը 40-ական թվականներին աշխատել է Ջրառատում: Նրա մորաքույրը քառասուն տարի եղել է գյուղի դպրոցի տնօրեն: Կապուտիկյանի հուշագրություններում այստեղի աշխատանքի մասին ոչինչ չկա, բայց գիտենք, որ նա ամռանը գալիս էր այստեղ հանգստանալու, և ամբողջ գյուղը մեղվի փեթակի պես հավաքվում էր նրա շուրջը»,- պատմեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ Կապուտիկյանի հարյուրամյակի կապակցությամբ շատ գաղափարներ պետք է իրականացնել` գրքեր հրատարակել, նախատեսվում է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: «Մտածեցի, որ, այս ամենից բացի, անհրաժեշտ է նախաձեռնել մի ծրագիր, որը մարդուն կջերմացնի, որովհետև Կապուտիկյանն արև էր բոլորիս համար»,- ասաց Դեմիրճյանը և հավելեց, որ հարյուրի փոխարեն 200 ծառ է տնկվել:
Ծառատունկ իրականացնելուց հետո դպրոցի տնօրեն Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ մանկավարժական խորհրդի որոշմամբ, դպրոցի հայոց լեզվի և գրականության դասարաններից մեկը կկոչվի Սիլվա Կապուտիկյանի անունով: «Հուսամ` այդ դասարանում նոր Կապուտիկյաններ կլինեն»,- ասաց նա:
Այնուհետև դպրոցի ղեկավարությունը, աշակերտներն ու հյուրերը մասնակցեցին գեղեցիկ համերգային ծրագրի, որի ընթացքում աշակերտներն արտասանեցին Կապուտիկյանի ստեղծագործությունները, նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի ներքո պարային համարներ ներկայացվեցին: Ցուցադրվեց «Սիլվա Կապուտիկյան. Մտորումներ» ներկայացումը:
Երևանի կենտրոն վարչական շրջանի Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի տնօրեն Արթուր Սարգսյանը նշեց, որ Կապուտիկյանի գործերն իմանալը երեխային հայրենասիրություն է սովորեցնում: «Ըստ իս՝ նա ամենայն հայոց բանաստեղծուհի է: Այնքան սեր, հզորություն կա նրա ստեղծագործություններում: Մենք պարտավոր ենք դրանք իմանալ»,- շեշտեց Սարգսյանը:
Միջոցառումն անցկացվեց «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի` Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ, Արմավիրի մարզպետարանի և Ջրառատի դպրոցի աջակցությամբ: