Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել, նույն քաշքշուկն ու անշնորհք վերաբերմունքն է». «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձը

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի մոտ 140 աշխատակիցներ պահանջում են վճարել իրենց աշխատավարձը, որը կազմում է մոտ 24 միլիոն դրամ:

«1995 թվականից մենք աշխատել ենք Ներքին գործերի նախարարության համար: Նրանց համար զգեստներ ենք կարել: 5 տարի է՝  կարի ֆաբրիկան փակվել է։ Տարել են լուծարման, ապա՝ սնանկացման։ 140 աշխատողներից ոչ ոք աշխատավարձ չի ստացել։ Ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս  կառավարությունը ոչ ոքի բանի տեղ չի դնում։ Դիմում ենք կառավարություն՝ նամակն ուղարկում են քննչական վարչություն, նրանց մոտ ենք գնում՝ ուղարկում են ոստիկանություն։ Լավ, մեկը չկա՞, որ մեր հարցով զբաղվի։ Ոչ ոք մեզ բանի տեղ չի դնում, ինչքա՞ն կարելի է։

Ընդամենը մեր աշխատավարձն ենք ուզում։ Շենքն օտարեցին՝ առանց աշխատակազմի իմացության, տարածքը վաճառեցին ու բարձրահարկ շենք կառուցեցին:  Լավ, դա հասկացանք, բա հիմա՞։ Վարչապետին նամակ ենք գրում, կառավարությունից պատասխանում են, թե՝ իրավասու չենք աշխատավարձ վճարել։ Խնդրում եմ, ասեք՝ ո՞վ է իրավասու, ո՞վ կարող է մեզ օգնել։ Ես ոնց տեսնում եմ՝ այս հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել։ Նույն քաշքշուկն ու անշնորհք վերաբերմունքն է։

Փաշինյանը լավ է, վատ է, դեռ չգիտենք, բայց ներքին օղակները բացարձակ չեն աշխատում։ Իրենցից ո՞ր մեկը կարող էր աշխատել, աշխատավարձ չստանալ, բայց լուռ, համեստ նստել. Ոչ ոք։ Բայց ինչո՞ւ պետք է իմ աշխատավարձը չգիտեմ ում նվիրեմ։  24-26 միլիոնն  ի՞նչ փող է։ Հիմա էլ բյուջե եք լցնում։ Լցրեք, դա մեր օգուտն է, շատ ուրախ ենք, բայց չի կարելի՞ ընդառաջել։ Հա, ուրախացանք, որ ազատվեցինք այդ գող ու ավազակներից, բայց ի՞նչ փոխվեց։ Այս խեղճ ու կրակ մասսան էլի նույն վիճակում է։ Ոչ աշխատանք կա, ոչ թոշակ ենք ստանում։ Տվե՛ք մեր աշխատածը։ Ամբողջ օրը կառավարություն ու ոստիկանություն ենք գնում, չենք կարողանում հանդիպել Օսիպյանին, քանի որ  հերթ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատակիցներից Գոհար Թամամյանը:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ ընկերության տնօրեն Բեկչյան Սամվելը, ով, աշխատակիցների փոխանցմամբ՝ հետախուզման մեջ էր, հայտնաբերվե՞լ է, ի՞նչ լուծումներ է առաջարկել, Գոհար Թամամյանը պատասխանեց.

«Նրան ոստիկանությունն էր նշանակել: Գտել են, հիմա ՀՀ-ում է: Մեր գործերը հարկայինի քննչականում են։ Գնացել, ներկայացել է: Թե ի՞նչ է լինելու, ի՞նչ են որոշելու, մենք չգիտենք: Լավ հիմնարկ էր, միշտ օգուտներով էինք աշխատում։ Վովա Գասպարյանը հենց նստեց գահին՝ փլուզվեց ամեն ինչ»:

Հարցին, թե որքա՞ն է կազմել նրանց ամենամյա աշխատավարձը՝  ընկերության աշխատակիցն ասաց, որ 80.000 դրամ է եղել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս