
Ֆրանսիայում Բոդլերի նամակն աճուրդով վաճառել են ավելի քան 230 հազար եվրոյով

Նամակը, որը բանաստեղծ Շառլ Բոդլերը (1821-1867 թթ.) գրել էր ինքնասպանության փորձից առաջ, նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է 234 հազար եվրոյով: Աճուրդը, ինչպես հայտնել է Le Parisien թերթը, Ֆոնտենբլո քաղաքում (Փարիզից հարավ) անցկացրել է Osenat աճուրդների տունը։
Ուղերձը բանաստեղծի կողմից գրվել էր 1845 թվականի հունիսին 24 տարեկան հասակում եւ հասցեագրվածէր նրա սիրուհուն՝ Հայիթիից դերասանուհի եւ պարուհի Ժաննա Դյուվալին: «Երբ օրիորդ Ժաննա Դեմերն այս նամակը փոխանցի ձեզ, ես արդեն մեռած կլինեմ: Ես ինձ սպանում եմ, որովհետեւ չեմ կարող այլեւս ապրել, որովհետեւ հոգնածությունը, որով ես քնում ու արթնանում եմ, ինձ համար անտանելի է»,-գրել է Բոդլերը:
Սակայն ինքնասպանության փորձը բանաստեղծին չի հաջողվել. դանակով հարվածը, որը նա հասցրել էր իր կրծքին, պարզվել է, որ վտանգավոր է: Բոդլերը դրանից հետո ապրել է եւս 22 տարի:
Սպասվում էր, որ նամակը կվաճառվի 60-80 հազար եվրոյով: Սակայն աճուրդը տեւել է յոթ րոպե, որի ընթացքում մասնակիցները բարձրացրել են դրույքները: Բանաստեղծի ուղերձը ձեռք է բերել ֆրանսիացի մի հավաքորդ, որը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: