«Պետք է հանրայնացնել Արցախի բնակչության իրավունքների հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները». Արցախի ՄԻՊ

Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում կայացավ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրությունը, և 29 կողմ ու 0 դեմ ձայներով Արցախի մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արտակ Բեգլարյանը, ով 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, 2017 թվականի նոյեմբերի 1-ից Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ նշանակվել է պետական նախարարի խորհրդական, 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:

168.am-ի հետ զրույցում խոսելով իր հիմնական անելիքների մասին՝ նորանշանակ ՄԻՊ-ը նշեց.

«Անընդհատ բարելավումների անհրաժեշտություն կա բոլոր հնարավոր բնագավառներում՝ երեխաների, հաշմանդամների ու այլ խոցելի խմբերի իրավունքներից՝ մինչև մարդու իրավունքների մշակույթ և հասարակության իրավագիտակցություն: Կարևոր է նաև համահայկական համապատասխան կառույցների հետ աշխատանքը:

Միջազգային ուղղությունում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է լինելու մի քանի նպատակների, մասնավորապես՝ բարձրացնել միջազգային իրազեկվածությունն Արցախի մարդու իրավունքներին առնչվող ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ, ամրապնդել առկա միջազգային կապերը և համագործակցություն հաստատել նոր կառույցների հետ, խրախուսել փոխշփումներն Արցախի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների միջև, մեծացնել այդ կառույցների ծրագրային ընդգրկվածությունն Արցախում, հանրայնացնել Արցախի բնակչության իրավունքների հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները և սպառնալիքները՝ փորձելով հասնել դրանք կանխարգելող կոնկրետ քայլերի:

Ադրբեջանական ուղղությունը կարևոր է այնքանով, որ Արցախի բնակչության մի շարք հիմնարար իրավունքների խախտման գլխավոր աղբյուրն Ադրբեջան պետությունն է: Այն ոչ միայն շարունակաբար խախտում է բազմաթիվ իրավունքներ, այլ նաև սպառնալիք է հանդիսանում մեր բնակչության կյանքի և մի շարք այլ իրավունքների հանդեպ. վկան՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությունը և Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված զանգվածային խախտումները:

Այս ուղղությամբ գործուն միջոցներ են ձեռնարկվել Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից, ով մի քանի զեկույցներով ներկայացրել է և՛ Ապրիլյան պատերազմի ընթացքում արձանագրված իրավախախտումները, և՛ դրանց հետ ուղղակիորեն առնչվող հայատյացության երկարամյա քաղաքականությունը: Ես նախատեսում եմ շարունակել այս ուղղությամբ իրականացված մշտադիտարկման և փաստահավաք գործունեությունը՝ արդյունքները պարբերաբար հանրայնացնելով ու միջազգայնացնելով»,- ասաց Ա. Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է դժվարություններին ու խնդիրներին՝ նա նկատեց.

«Խնդիր է հասարակության իրավագիտակցության ոչ ցանկալի մակարդակը, քաղաքացիական հասարակության թույլ զարգացածությունը, ՄԻՊ աշխատակազմի կարողությունների սահմանափակությունները, միջազգային շփումների խիստ սահմանափակ բնույթը»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս