
Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է Հայաստանում հիմնադրել իրավապաշտպան կառույց

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը նոր մարդկանց և նոր ինստիտուտների կարիք ունի: Ռուբեն Մելիքյանը նման կարծիք է հայտնել նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ հայտնելով, որ ՀՀ-ում իրավապաշտպան կառույց է հիմնադրելու:
Նրա խոսքով` ներքաղաքական փոփոխություններից հետո այն մարդիկ, ովքեր գտնվում էին քաղաքացիական հասարակության դաշտում, տեղափոխվեցին պետական աշխատանքի, ինչի հետևանքով իշխանության վերահսկողության ինտեսիվությունը նվազել է:
«Իրավապաշտպան դաշտի պարագայում իրականությունը ցույց տվեց, որ հասարակական վերահսկողության ինտենսիվությունն էականորեն նվազեց, իսկ ցանկացած իշխանություն կարիք ունի հասարակական վերահսկողության»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ըստ նրա` Հայաստանում մինչև ընթացիկ տարվա ապրիլ իրավապաշտպան գործունեությունը շատ արդյունավետ էր. հարցեր էին բարձրացվում պրոֆեսիոնալ մակարդակով, որոշ հարցեր լուծում էին ստանում, հանրությունն իր ուշադրությունը կենտրոնացնում էր բարձրացված հարցերի վրա: «Այսօր այս գործառույթը բաց է մնացել: Ես ինքս իմ գործունեությունը տեսնում եմ այս ոլորտում: Այս պահին կարող եմ ասել, որ իրավապաշտպան կառույց եմ հիմնադրում, բանակցությունների, քննարկումների փուլում եմ»,- նշեց Մելիքյանը: