«Դասագրքերի նոր չափորոշիչներ կմտցվեն, սակայն առնվազն 1.5 տարի է անհրաժեշտ դասագրքեր մշակելու համար». Արայիկ Հարությունյան
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց կրթական ոլորտի ֆինանսավորման հարցերը:
Ըստ նրա՝ Կրթության և գիտության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցները 2019-ին նախատեսվում է ավելացնել 6.8 %-ով: Կրթության և գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 %:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ հաջորդ տարվա բյուջեն տարբերվում է նախորդներից, քանի որ այն ծրագրային է: Նրա խոսքով՝ սկսելու են մի քանի ծրագրեր, որոնց արդյունքը կերևա հաջորդ տարիներին:
Ըստ նրա՝ դասագրքերի նոր չափորոշիչներ կմտցվեն, սակայն առնվազն 1.5 տարի է անհրաժեշտ դասագրքեր մշակելու համար:
ԵՄ-ի հետ հաջորդ տարի կսկսվի մի ծրագիր, որի շրջանակներում կստեղծվեն միջին մասնագիտական հաստատությունների ՀԱԲ-եր, հաջորդ տարի դրանք կլինեն Ստեփանավանում և Վանաձորում: Նախարարի պաշտոնակատարն արձանագրեց, որ միջին մասնագիտական ոլորտում կան անարդյունավետ ծախսեր, որոնց օպտիմալացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հարությունյանի խոսքով՝ փորձում են հասկանալ, թե գիտական ինչ ռեսուրսներ կան Հայաստանում, և ինչ նոր ծրագրեր են ներդրվելու:
Քննարկվում է ավարտական քննությունների՝ կենտրոնացված անցկացնելու հնարավորությունը:
«Բյուջեն, ըստ էության, իներցիոն է, փոփոխություններ կլինեն՝ կապված նրա հետ, թե մենք ինչ ծրագրեր կներդնենք տարբեր ոլորտներում»,- ասաց Ա.Հարությունյանը: