ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան․ ինչ ակնկալել բանակցային գործընթացից
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը: Հատկանշական է, որ համանախագահներն այցի շրջանակներում եղան նաև Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներ ունեցան Արցախի նախագահի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի հետ: Ըստ էության, սա համանախագահների երկրորդ տարածաշրջանային այցն էր Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո: Այս ամիսներին բավական կարևոր էր հայկական կողմի նոր բանակցային թիմի կողմից գործընթացի ստանձնումը, իսկ համանախագահներն իրենց այցերի ընթացքում խնդիր ունեին հստակեցնելու ՀՀ նոր իշխանությունների մոտեցումները և տեսլականը հարցի վերաբերյալ:
Վերջին վեց ամիսների ընթացքում համանախագահների կողմից կազմակերպվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկու հանդիպում, որոնք, ըստ էության, կրում էին ճանաչողական բնույթ, և գլխավորապես ուղղված էին փոխվստահության և հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորման խնդրին: Ի տարբերություն արտգործնախարարների՝ երկու երկրների ղեկավարները բանակցային սեղանի մոտ հանդիպելու հնարավորություն դեռևս չեն ունեցել, սակայն այլ ձևաչափերում (Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և Դուշանբեում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին) նրանց միջև եղել են ոչ ֆորմալ շփումներ: Ավելին, Դուշանբեում ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ ուղղված լարվածության թուլացմանը, սահմանային միջադեպերի կանխմանը: Այդ նույն պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է նաև օպերատիվ կապ (նման կապ երկու երկրների ղեկավարների միջև գոյություն է ունեցել նաև մինչև Իլհամ Ալիևի իշխանության գալը): Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների, ձևավորված օպերատիվ կապի վերաբերյալ քննարկումներն, ըստ էության, հանդիսանում էին նաև համանախագահների տարածաշրջանային այս այցի հիմնական նպատակներից մեկը:
Հատկանշական է, որ Դուշանբեի հանդիպումից հետո նկատելի է լարվածության մակարդակի զգալի նվազում, ինչը բավական դրական է, սակայն կարևոր է նաև արձանագրել, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետությունը հնարավոր է գնահատել երկարաժամկետ կտրվածքով:
Նշենք նաև, որ Դաշանբեում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները չպետք է դիտարկել որպես Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները բացառող: Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման տեսանկյունից այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը բավական կարևոր է, քանզի դրանք ենթադրում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացում և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը և լարվածության թուլացմանն առնչվող այլ մեխանիզմներ: Այս բոլոր հարցերը, թերևս, քննարկվում են թե՛ համանախագահների տարածաշրջանային այցերի, թե՛ ԱԳ նախարարների հանդիպումների շրջանակներում: Այս առումով բացառություն չի կազմի նաև Զոհրաբյան-Մամեդյարով հնարավոր հանդիպումը դեկտեմբերին Իտալիայում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում։
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման բուն բանակցային գործընթացին, ապա այս մասով որևէ առաջընթացի կամ բովանդակային քննարկման մասին խոսելը դեռևս վաղ է: Ավելին, հաշվի առնելով Հայաստանում ակտիվացած ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ սպասվող ընտրական գործընթացները, առաջիկա ամիսներին հազիվ թե կարելի է ակնկալել հակամարտության կարգավորման քաղաքական բանակցություններ: Ինչպես ցույց է տալիս փորձը, ընտրական շրջաններում բանակցային գործընթացը պասիվանում է, իսկ թեմայի հետ կապված հանրային ընկալումները դառնում են առավել զգայուն:
Նարեկ Մինասյան