«Եթե հայ-իրանական սահմանը փակվի, ապա լուրջ ազդեցություն կթողնի Արցախի հակամարտության վրա և մեծ նվեր կլինի Ադրբեջանին». ադրբեջանագետ

«Պետք է բացառել, որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել, քանի որ Իրանը Հայաստանի շնչուղիներից մեկն է, և սահմանի փակումը կարող է մեծ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը և ընդհանրապես հայկական պետականությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ամեն պահի դե ֆակտո կարող է փակվել հայ-իրանական սահմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին խորհրդարանում Ն. Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Իսկ հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: «ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ ադրբեջանագետի, տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը և հասարակությունն ունեցել է մեծ սպասելիքներ, որ ինչպես Թուրքիայի պարագայում է Հայաստանի սահմանը փակ, այնպես էլ Իրանի դեպքում կլինի և կփակվի հայ-իրանական սահմանը։

«Այսպիսով՝ Հայաստանի շրջափակումն ամբողջությամբ պետք է ավարտվեր, բացառությամբ Վրաստանի։ Ադրբեջանում կա նման սպասելիք և պահանջ, որ Իրանը պետք է միակողմանիորեն փակի Հայաստանի հետ սահմանը։ Եթե նման բան լինի, ապա սա ուղղակի նվեր կլինի Ադրբեջանին, ինչը լուրջ ազդեցություն կթողնի Արցախի հակամարտության վրա։ Չպետք է մոռանալ, որ Արցախյան պատերազմի օրերին հայ-իրանական բաց սահմանը կարևոր նշանակություն է ունեցել հայկական կողմի համար։ Եթե այսօր քննարկում ենք սահմանի փակման հարց, անգամ տեսականորեն, դա խնդիրներ է առաջացնելու, այդ թվում՝ հայ-իրանական հարաբերություններում։ Քանի որ Իրանի նման զգայուն քաղաքականություն վարող երկրում այն միանշանակ չի ընդունվի»,- ասաց ադրբեջանագետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նման հայտարարությունները կարող են խնդիրներ առաջացնել թե՛ Արցախի հակամարտության, թե՛ հայ-իրանական հարաբերություններում։

Աշոտ Մովսիսյանի խոսքով՝ դե ֆակտո հայկական պետության սահմանն Իրանի հետ ավելի մեծ է։

«Դժբախտաբար, Արցախի հակամարտության պատճառով մենք կարողանում ենք օգտագործել այդ սահմանի միայն Մեղրիի հատվածը, և տարիներ շարունակ հայ-իրանական սահմանի բաց լինելը նպաստել է, որպեսզի որոշ առումով զարգանա նաև Հայաստանի ողնաշար հանդիսացող Սյունիքի մարզը: Եթե սահմանը փակվի, ծանր կացության մեջ կհայտնվի նաև այս շրջանը, և ընդհանրապես կաթվածահար վիճակում կհայտնվի ՀՀ տնտեսությունը, քանի որ մենք որոշակի ապրանքներ ենք արտահանում իրանական շուկա, իսկ այնտեղից՝ արաբական երկրներ։ Չպետք է նաև մոռանալ, որ Իրանի հետ ունենք միակ՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտին»,- շեշտեց ադրբեջանագետը։

Նրա կարծիքով՝ Ն. Փաշինյանի հայտարարությունը զուտ տեսական էր, և այդքան էլ իրատեսական չէ համարել, որ այս փուլում հայ-իրանական սահմանը կարող է փակվել, քանի որ աշխարհում չկա որևէ ուժ, որը կարող է Հայաստանին ստիպել փակելու հայ-իրանական սահմանը՝ առաջարկելով ինչ-որ դիվիդենտներ:

«Հայաստանի գործընկերները գիտեն, որ այդ սահմանը մեզ համար ունի կենսական նշանակություն, և Հայաստանը պարզապես չի կարող գնալ նման արկածային քայլի»,- եզրափակեց ադրբեջանագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս