Իրանի հետ սահմանի մասին Մնացականյանի պատասխանն Աշոտյանին չգոհացրեց

Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, սակայն այդ քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, համաձայն որի՝ «հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել  ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»:

«Ո՞ր սցենարների դեպքում է դա հնարավոր», – պատգամավորի հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Կարծում եմ, որ շատ էական է (Նիկոլ Փաշինյանի,- Խմբ.) մեկնաբանությունը տեսնել կոնտեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այնպես, որ հետապնդում  է Հայաստանի շահերը, անվտանգությանը և զարգացմանն առնչվող ճարտարապետությունը պահպանելու նպատակ: Արտաքին քաղաքականությունը փորձում  է  ծառայեցնել արտաքին հարաբերությունների ոլորտը մեր ազգայի շահերը լավագույնս առաջ մղելու համար: Հարևանների հետ հարաբերություններն արտահայտված են կառավարության ծրագրում: Եվ Իրանի, և Վրաստանի հետ հարաբերություները մեզ համար եղել և մնում են շատ կարևոր ուղղություններ արտաքին քաղաքականության մեջ: Այս քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով:

Մեկնաբանությունը վերաբերում էր մարտահրավերներին, այլ ոչ թե որևէ  մտադրության որևէ կողմից սահման բացելու կամ փակելու: Խոսքը վերաբերում էր մարտահրավերների խորությանը,  տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեզ ազգային շահերի վրա: Մենք այստեղ բավական զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք համապատասխան աշխատանքներ»:

Մնացականյանը շեշտեց՝ Իրանի հետ հարաբերություներն արտահայտված են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում:

«Մեր արտաքին քաղաքականության մեջ  բոլոր անմիջական դերակատարների հետ ունենք գործընկերային հարաբերություններ, որոնց հետ աշխատում ենք, փորձում նվազեցնել այդ ռիսկերը: Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն է, թե կզարգանան մարտահրավերներն ու ինչպես կանդրադառնան Իրանի հետ մեր բնականոն հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Այդ առումով  աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, ովքեր այս հարցում ունեն դերակատարություն, հիմնական գերակայությունը եղել և մնում է  ապահովել Հայաստանի կենսական շահերը՝ համագործակցելով և աշխատելով այն գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն այս հարում»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

 

Տեսանյութեր

Լրահոս