
Պակիստանի իշխանությունները քրիստոնյա Բիբիի ազատումը հետաձգել են զանգվածային բողոքների պատճառով

Պակիստանի իշխանությունները հետաձգել են քրիստոնյա Ասիա Բիբիի ազատումը, որի նկատմամբ աստվածանարգության գործով մահվան դատավճիռն ավելի վաղ բեկանել է Գերագույն դատարանը: Այդ մասին հայտնել է Associated Press-ը (AP):
Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել Բիբիի ճակատագրի շուրջը կառավարության եւ արմատական իսլամիստների միջեւ բանակցությունների ձախողման ֆոնին, որոնք Բիբիի հրապարակային կախաղան են պահանջում: Նոյեմբերի 2-ին շարունակվել են ցույցերը քրիստոնեուհու ազատման դեմ. այսպես, իսլամիստների շուրջ 2 հազար կողմնակիցներ շրջափակել են հանգուցային ճանապարհն Իսլամաբադի եւ Ռավալփինդիի միջեւ՝ առաջացնելով ավտոմոբիլային խցանումներ:
Բացի դրանից, Փենջաբի նահանգում հոգեւոր անձի փաստաբանը, որը նախաձեռնել է դատական քննությունը Բիբիի նկատմամբ, Գերագույն դատարան վճռափոխության գանգատ է տվել քրիստոնեուհուն ազատելու դեմ: AP-ն նշում է, որ վճռափոխության գանգատի քննարկման ժամկետներն առայժմ որոշված չեն, սակայն այդ իրավաբանական գործընթացը կարող է Բիբիի ազատումը հետաձգել էլ ավելի մեծ ժամանակով:
Հոկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայից երեխաների հետ վերադարձել է Բիբի ամուսինը, որն սպասում է նրա ազատմանը: AP-ի տեղեկատվությամբ՝ Ֆրանսիան եւ Իսպանիան նրան ապաստան են առաջարկել, սակայն Բիբիի ընտանիքը չի ասում, թե որտեղ է մտադիր ապրել Պակիստանից մեկնելուց հետո: Ավելի վաղ Պակիստանի Գերագույն դատարանը Բիբիի արդարացման դատավճիռ է կայացրել, որը 2010 թվականին մահապատժի էր դատապարտվել աստվածանարգության համար: Բիբին մեղավոր էր ճանաչվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ, ինչի համար, Պակիստանի օրենսդրությանը համապատասխան, պատժի առավելագույն չափն է նախատեսված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: