
«Մենք վստահ էինք, որ այդ ժամանակ Հայաստանը ստացավ Եվրոպայում լավագույն սահմանադրություններից մեկը Եվրոպայում». Ջաննի Բուքիքիո

«Խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նաև գործող Ընտրական օրենսգրքով, խնդիր չկա, եթե Հայաստանի Ազգային ժողովը որոշել է օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունել, ուրեմն՝ պետք է ընտրությունները կազմակերպել այս օրենսգրքով, թեև շատ փոփոխություններ մենք դրական էինք գնահատել»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որին դեմ քվեարկեց ԱԺ-ն, ասել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն: Նա հույս է հայտնել՝ եթե գործող իշխանությունն արտահերթ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմի, ապա կկարողանա դրական կերպով կառավարել երկիրը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ հանդիպումից տպավորություն ստացա, որ նրանք մտադիր են ՀՀ-ում իրավիճակ փոխել, Ընտրական օրենսգիրքը բարեփոխել: Կարծում եմ, որ ընտրություններից հետո էլ ԱԺ-ն կրկին կքննարկի օրենսգրքի այն բարեփոխումները, որոնք առաջարկել է նոր կառավարությունը, բայց որոնք այս ընթացքում չընդունվեցին»:
Ջաննի Բուքիքիոն գործող իշխանություններին կոչ է արել ԱԺ ընտրություններից հետո կրկին ձեռնարկել ԸՕ-ի բարեփոխումները, սակայն այնպես, որ այդ գործընթացը լինի թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով.
«Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է օգնել բարեփոխված Ընտրական օրենսգիրք ունենալուն: Ճիշտ է, ՀՀ նոր կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի, բայց ես լավատես եմ»:
Ի դեպ, Ջաննի Բուքիքիոն ընդգծեց Վենետիկի հանձնաժողովի մոտեցումն առ այն, որ ԸՕ-ում փոփոխություններ պետք է արվեն ընտրություններից մեկ տարի առաջ, սակայն հանձնաժողովը դեմ չէ ստեղծված իրավիճակից բխող որոշմանը՝ հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը։
«Վենետիկի հանձնաժողովի շնորհիվ ՀՀ-ում կայացան երկու սահմանադրական բարեփոխումներ՝ 2005 և 2015 թվականներին: Մենք շատ գովեցինք այդ նպատակով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը,- հայտարարել է Ջաննի Բուքիքիոն,- Մենք վստահ էինք, որ այդ ժամանակ Հայաստանը ստացավ Եվրոպայում լավագույն սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն ՀՀ քաղաքացիները բավարարված չէին երկրի իրավիճակով և այս տարվա սկզբին թավշյա հեղափոխություն արեցին: Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր դրական գնահատականը սխալ էր: Չեմ կարծում։ Պարզապես իշխանությունները չիրագործեցին նոր Սահմանադրությունը և դիտարկեցին այն՝ որպես իշխանության պահպանման միջոց: Ժողովուրդն էլ պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը կարող է փոփոխություններ իրականացնել՝ առանց բռնությունների»:
Ըստ Ջաննի Բուքիքիոյի՝ ՀՀ նախկին իշխանությունները փորձ չարեցին ուժով մնալ երկրի կառավարմանը. «Հասարակության շրջանում ներկայումս առկա այն համոզմունքը, որ իշխանափոխություն պետք է լինի առանց բռնության, լավ ճանապարհ է Հայաստանի ապագայի համար: Հուսանք, որ ՀՀ նոր իշխանությունները կկառավարեն նոր Սահմանադրության ոգով: Սա չի նշանակելու, իհարկե, թե Հայաստանը ծաղկող ժողովրդավարության երկիր է լինելու: Ոչ, նոր բարեփոխումներ պետք կլինեն»: