Բաժիններ՝

«Եթե Հայաստանը կարողանա արտահանել էլեկտրաէներգիա, ապա կլինեն ոչ միայն ներդրումներ, այլև լուրջ արտադրություն». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ցանկացած ներդրում պետք է հիմնավորված լինի, և հասկանալի լինի այլընտրանքի գինը, այսինքն՝ այդ ներդրումը ձեռնտու էր անել ա՞յդ, թե՞ մեկ այլ ոլորտում։

«Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ շատ էր խոսվում մետրոյի նոր կայարան կառուցելու մասին, սակայն նշվում էր, որ այդ գումարն այսօր պետությունը չունի, որպեսզի նոր կայարան կառուցի։ Միևնույն ժամանակ մենք խնդիր ունենք ֆինանսավորելու նաև գիտությունը, այնտեղ նույնպես թերֆինանսավորում ունենք։ Եթե փորձում ենք հասկանալ այլընտրանքի գինը, առաջանում է մեկ պարզ հարց, եթե մենք այդ գումարը, որը պետք է հատկացնենք մետրոյի համար, հինգ տարի հետ հատկացնենք, ապա դրանից ոչինչ չի փոխվի, բայց եթե գիտությանը համապատասխան ֆինանսավորում չտրամադրենք, ապա կունենանք գիտության լրջագույն կորուստներ»,- նշեց Ս. Բագրատյանը։

Խոսելով էլեկտրաէներգիայի համակարգում ներդրումներ անելու մասին, Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ այդ ոլորտում 8 մլրդ դոլար ներդնելու պարագայում, կունենան 4 մլրդ կվտժամ լրացուցիչ էլեկտրաէներգիա, և այս դեպքում Հայաստանը երբեք չի կարող մտահոգվել, որ էլեկտրանէերգիայի սպառման խնդրի առջև կարող է կանգնել։

«Եթե կառավարությունն աշխատեր և սկսեր գույքագրել հանրապետության էներգառեսուրսները, և որպես պատրաստի ծրագրեր՝ առաջարկեր միջազգային հարթակներում, առավել քան վստահ եմ, որ կարճ ժամանակ անց կունենայինք հսկայական ներդրումային առաջարկներ աշխարհի զարգացած երկրների հզոր ընկերությունների կողմից։ Բացի այդ, երբ մենք արդեն կարողանանք արտահանել էլեկտրաէներգիա, այս իմաստով մենք ունենալու ենք ոչ միայն լրացուցիչ ներդրումների, այլև արտադրության լուրջ հնարավորություններ»,- ընդգծեց Ս. Բագրատյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս