«Պետք է գիտակցենք, որ համաներումը պետության պարտավորությունը չէ». Փաստաբան
Խորհրդարանը նոյեմբերի 1-ին 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Մենք ունեցել ենք հանցավոր իրավապահ համակարգ: Բանտում անձամբ ծանոթացել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր քաղաքական գործիչներ չէին, բայց շինծու մեղադրանքներով գտնվում էին այնտեղ՝ տարբեր շարժառիթներով: Իրավապահ համակարգը ձևական մեղադրանքներով պատիժներ է սահմանել նրանց նկատմամբ. կոռուպցիա, հաշվեհարդար և այլն: Համաներումը քաղաքական գործերին չի անդրադառնում: Կեղծ մեղադրանքներ կան Նորք-Մարաշի զինված խմբի գործով: Նրանց դեմ քրեական հետապնդումը շարունակվում է առանց հիմքի: Իմ դեպքում նույնպես քրեական գործը համաներումով չի կասեցվում, շարունակվելու է: Ես չեմ եղել «Սասնա ծռերի» «հանցակիցը», իսկ համաներումը տարածվում է նրանց ու իրենց հանցակից մարդկանց վրա: Ինձ ներկայացված շինծու մեղադրանքով հանցակից չեմ համարվում, դրա համար էլ գործը, կես տարի է՝ առանձնացված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը:
«Համաներումը պետության կողմից բարի կամքի դրսևորում է: Պետք է գիտակցենք, որ սա պետության պարտավորությունը չէ: Այն աննախադեպ է ՀՀ պատմության մեջ, քանի որ նման ընդգրկունությամբ համաներում երբևէ չի եղել: Ընդհանուր կիրառության ժամկետը մշտապես եղել է 3 տարի, հիմա 4 է: Հատուկ կատեգորիայի խմբերը 5 տարուց դարձել են 6 տարի: Ավելացել են նաև սոցիալական որոշ խմբեր, որոնք նախկինում չեն եղել, օրինակ՝ 3 և ավելի անչափահաս երեխա: Նախկինում մինչև 3 տարեկան երեխայի առկայությունն էր հանդիսանում արտոնյալ հանգամանք:
Ի տարբերություն նախորդ նախագծերի, որոնք խիստ գաղտնի պայմաններում էին քննարկվում, ընդունվում և միայն հրապարակումից հետո էին հանրությանը հայտնի դառնում, հիմա դրական փոփոխություն տեղի ունեցավ, նախագիծը հանրությանը ներկայացվեց, որը նպաստավոր էր: Մարդիկ սկսեցին կարծիքներ հայտնել: Շատ առաջարկներ ընդունվեցին: Հանվեց այն սահմանափակումը, որը վերաբերում էր քաղաքացիական հայցին: Եթե չի հատուցվել, քաղաքացիական դատավարության կարգով է լուծվելու, և պատժից ազատման համար այն խոչընդոտ չի հանդիսանալու»,- նշեց փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Փաստաբանի խոսքով՝ կիրառական պրակտիկայում խնդրի առջև ենք կանգնելու: Եթե անձին վերագրվում է անզգուշությամբ, դիտավորությամբ հանցագործության կատարում, առաջին նախագծում նշված է եղել, որ խիստ կանոնը պետք է կիրառվի, հիմա դա հանվել է: Չի հստակեցվել՝ ի վերջո, անզգուշության կանոնը պե՞տք է կիրառվի խառը տիպի համակցության դեպքում, թե՞ ոչ:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով էլ՝ հեղափոխական իշխանությունը պարտավոր էր համաներում կատարել՝ նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալուց հետո:
«Հեղափոխական իշխանությունն արդարությունը վերականգնելու խնդիր ուներ: Նրանք մայիսի 9-ին առաջինը պետք է ազատեին յուրայիններին: Նրանց, ովքեր անազատության մեջ էին քաղաքական դրդապատճառներով: Բայց մեր Սահմանադրությամբ մայիսի 9-ին համաներում հայտարարելն անհնար դարձավ»,- նշեց Ազատ Արշակյանը:
Անի Կարապետյան