Ովքեր պետք է հարցաքննվեն Մարտի 1-ի գործով. Հարցում
«GALLUP International association» Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ ՓԻ ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքում 18 տարեկանից բարձր 1106 անձանց շրջանում հարցում է իրականացրել, որով պարզել է նաև, թե հանրությունն ինչպես է գնահատում Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության վերջին երեք ամիսների աշխատանքը։
«GALLUP International association»-ի տնօրեն Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հարցման արդյունքները։
Հարցվողների 66,2 տոկոսը լիովին դրական են գնահատել ԱԱԾ-ի աշխատանքները, իսկ 28,4 տոկոսի համար էլ ծառայության աշխատանքը պարզապես դրական է եղել։
«ՀՔԾ-ի և ոստիկանության մասով նույնպես գրանցվել են բավականին բարձր ցուցանիշներ, մասնավորապես՝ 56, 7 տոկոսը ոստիկանության աշխատանքը լիովին դրական է գնահատել, 34,7 տոկոսի համար էլ պարզապես դրական աշխատանք է եղել։ Այս կառույցների աշխատանքը բացասական է գնահատել հարցվողների բավականին ցածր տոկոսը»,- նշեց Ա. Նավասարդյանը։
Հարցվողների 83, 3 տոկոսը նշել է, որ լավ են հիշում այդ կառույցների կողմից բացահայտված դեպքերից Մանվել Գրիգորյանի հետ կապված գործը, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի 1-ի հետ առնչվող դեպքը հիշել են 39,9 տոկոսը, Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդիների հետ կապված դեպքը հիշել է հարցվողների 37,5 տոկոսը, Հովիկ Աբրհամյանի և նրա եղբոր գործարանում հայտնաբերված զենքերի բացահայտումը՝ 18,9 տոկոսը։
Հարցին, թե ինչ հանգուցալուծում կունենա մարտի 1-ի դեպքի հետ կապված գործը, հարցվողների 64,8 տոկոսը պատասխանել է, որ վերջնական քննությունը միայն կարող է պարզել ճշմարտությունը, իսկ 24,7 տոկոսի կարծիքով էլ՝ դեպքի հետ կապված մեղավոր անձինք կկարողանան խուսափել պատժից։
Հարցվողներից փորձել են պարզել նաև, թե մարտի 1-ի դեպքերի հետ կապված ովքեր պետք է կանչվեն հարցաքննության, և առաջարկել են երկու տարբերակ, որի արդյունքում պարզվել է, որ 83,6 տոկոսը կարծում է, որ դեպքի հետ կապված պետք է հարցաքննվեն նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և թիմի այլ անդամներ, իսկ 52,4 տոկոսն էլ պատասխանել է, որ հարցաքննության պետք է կանչեն ըննդիմադիր ուժերին՝ Լևոն Տեր-Պետրոսյան և այլ ընդդիմադիր գործիչների։
Հարցին, թե ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները տարբեր անձանց նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ օրինականության հաստատում, հարցվողների 80,1 տոկոսը պատասխանել է, որ դրանք օրինականության հաստատում են, իսկ 10,6 տոկոսը պատասխանել է, որ այդ գործողությունները քաղաքական հետապնդում են։
Զվարթ Խաչատրյան