
Հնդկաստանում կառուցել են աշխարհի ամենաբարձր արձանը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 31-ին բացել է աշխարհի ամենաբարձր արձանը՝ հնդկական ազգային-ազատագրական շարժման գործիչ Վիլաբհայի Փաթելի (1875 – 1950) հուշարձանը: Բացման արարողությունը, որը հեռարձակել են Հնդկաստանի բոլոր հեռուստաալիքները, կայացել է երկրի հյուսիս- արեւմուտքի Գուջարաթի նահանգում:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են շինարարության գրասենյակում, արձանն ստացել է Միասնության արձան պաշտոնական անվանումը, դրա բարձրությունը կազմել է 182 մետր, իսկ պատվանդանի հետ կառույցի ընդհանուր բարձրությունը՝ 240 մետր: Այդ արձանը գրեթե կրկնակի բարձր է Նյու Յորքի Ազատության արձանից: Նախագծի գլխավոր հեղինակն է հնդիկ հայտնի քանդակագործ Ռամ Վանջի Սութարը:
Հուշարձանի նախագծումը տեւել է 13 ամիս՝ կառուցումը՝ 33 ամիս: Փաթելի պատկերաքանդակի, որը կարծես քայլում է ջրամբարի ջրի վրայով, ներսում տեղակայված են երկու արագընթաց վերելակներ: Շուրջ 150 մետր բարձրության վրա սարքավորված է դիտապատշգամբը, որը կարող է միաժամանակ ընդունել 200 զբոսաշրջիկների: Հուշարձանի պատվանդանի մոտ բացվել է քաղաքական գործչին նվիրված թանգարան:
Փաթելի արձանի եւ պատվանդանի կառուցման համար օգտագործվել է 210 հազար խորանարդ մետր բետոն, 18,5 հազար տոննա մետաղե կառուցատարր, այդ թվում՝ 6,5 հազար տոննա ամրանային պողպատ: Արձանը կարող է դիմանալ ժամում մինչեւ 180 կիլոմետր արագությամբ փոթորկալից քամու եւ մինչեւ 6,5 մագնիտուդով երկրաշարժի: