Որքանով է իրատեսական Համաշխարհային բանկի կանխատեսումը՝ Հայաստանի ներդրումների վերաբերյալ
Օրեր առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, որտեղ կային գնահատականներ ու կանխատեսումներ՝ մի շարք առանցքային ցուցանիշների վերաբերյալ։
Մասնավորապես, ըստ ՀԲ զեկույցի, Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումներն ընթացիկ տարում կկազմեն 3%՝ 2017թ. 2%-ի փոխարեն, իսկ մինչև 2020թ. կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 3.9%-ի։
Բավականին տարօրինակ էր, որ ներդրումային անկման ֆոնին՝ Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում ուղղակի ներդրումների աճ է կանխատեսում։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ է ասում Համաշխարհային բանկը, և որքանո՞վ է դա իրատեսական։
Ո՞ր ցուցանիշն է հիմք վերցնում Համաշխարհային բանկը
Հայաստանի ներդրումային վիճակագրությունն այնքան խուճուճ է, որ երբեմն անգամ մասնագետներն են դրանց մեջ խճճվում՝ ներդրումների զուտ հոսքեր, համախառն հոսքեր, ստացումներ, և այլն։
Իսկ օտարերկրյա ներդրումների ո՞ր ցուցանիշի մասին է խոսում Համաշխարհային բանկը, երբ նշում է, որ այն կկազմի ՀՆԱ-ի 2 կամ 3 տոկոսը։ Զեկույցում նշված է, որ խոսքը զուտ ուղղակի ներդրումների մասին է (Net foreign direct investments):
Դա այն ցուցանիշն է, որը կարելի է գտնել նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Վճարային հաշվեկշռում՝ «ուղղակի ներդրումներ» տողի ներքո։ ՀԲ-ն, ի դեպ, այդ ցուցանիշը վերցնում է հենց վճարային հաշվեկշռից։ Նշենք, որ թե՛ վճարային հաշվեկշռում, թե՛ Համաշխարհային բանկի օնլայն բազաներում այդ ցուցանիշը ներկայացվում է բացասական նշանով։
Ստորև բերված գրաֆիկում ներկայացրել ենք ՀՆԱ-ի մեծությունը, զուտ ուղղակի ներդրումների ծավալը և ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2007-2017 թվականների համար։
Ինչպես տեսնում եք, 2017-ի զուտ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 48.4 մլն դոլարով կամ 17.8%-ով։ Իսկ անկախ Հայաստանի պատմության մեջ զուտ ՕՈՒՆ-ների պիկը գրանցվել է 2008 թվականին՝ 925 մլն դոլար։
Ի՞նչ դինամիկա ունենք զուտ ՕՈՒՆ-ների գծով
Արդեն ճշտեցինք, թե որ ցուցանիշի մասին է խոսում Համաշխարհային բանկը։ Սակայն, ի տարբերություն Համաշխարհային բանկի, որը զուտ ՕՈՒՆ-ների տվյալները ներկայացնում է միայն տարեկան կտրվածքով, Կենտրոնական բանկը վճարային հաշվեկշռում այս ցուցանիշը ներկայացնում է նաև ըստ եռամսյակների։
Գծապատկերը 2-ը ներկայացնում է հենց զուտ ՕՈՒՆ-ների եռամսյակային դինամիկան։ Ինչպես տեսնում եք՝ 2018թ. առաջին եռամսյակում՝ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ, զուտ ուղղակի ներդրումներն աճել են 51.7 մլն դոլարով (կրկին նշենք, բացասական նշանը թող չշփոթեցնի՝ դա զուտ տեխնիկական նրբություն է)։
Իսկ 2018-ի երկրորդ եռամսյակում ունենք ոչ թե պարզապես նվազում, այլ նշանի փոփոխություն։ 17.9 մլն դոլար զուտ ներդրումները՝ դրական նշանով, նշանակում է, որ կա՛մ ՀՀ ռեզիդենտներն արտերկրում ավելի շատ ներդրումներ են արել, կա՛մ իրենց մայր ընկերություններից նախկինում վերցրած պարտավորություններ են մարել։
Այսինքն, ամեն դեպքում, երկրորդ եռամսյակի այս 17.9 մլն դոլարը վատթարացնում է մեր ներդրումային վիճակագրությունը։ Եթե դիտարկենք ըստ կիսամյակների (առաջին և երկրորդ եռամսյակների հանրագումարները), ապա կստացվի, որ 2017թ. առաջին կիսամյակի 97.7 մլն դոլարի փոխարեն՝ այս տարվա առաջին կիսամյակում զուտ ՕՈՒՆ-ները կազմել են 96.2 մլն դոլար։ Այսինքն՝ ունենք նվազում, և, որ շատ ավելի կարևոր է՝ նվազումը պայմանավորված է երկրորդ եռամսյակով, այսինքն՝ միտումը, դինամիկան բացասական է։
Ի՞նչ կունենանք տարվա կտրվածքով
Ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը կոտորակ է, որի համարիչը (վերևի մասը) զուտ ներդրումներն են, հայտարարը (ներքևի մասը)՝ ՀՆԱ-ն։
Ըստ ՀՀ կառավարության ամենաթարմ կանխատեսումների, որոնք արտացոլված են 2019թ.պետբյուջեի նախագծում, 2018թ. ՀՆԱ-ի անվանական սպասվող արժեքը 6 տրլն 193 մլրդ դրամ է կամ մոտ 12 մլրդ 850 մլն դոլար։ Այսինքն՝ հայտարարը (անվանական ՀՆԱ-ն) աճելու է (տես 1-ին գծապատկերը)։
Մյուս կողմից, հաշվի առնելով ներդրումների դինամիկան, այս տարի ներդրումների ծավալն ավելի քիչ է լինելու, քան 2017-ին։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ Ամուլսարի ծրագրի փաստացի կասեցում, քաղաքական անորոշություն և սպասվող ընտրություններ, և այլն։ Այն, որ ներդրումների ակտիվացում կարելի է ակնկալել միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ընդունում է նաև կառավարությունը։ Նշենք նաև, որ թեպետ 3-րդ եռամսյակի վճարային հաշվեկշիռը դեռ հրապարակված չէ, սակայն, մասնագետների գնահատմամբ, ներդրումները 3-րդ եռամսյակում նույնպես անկումային են եղել և այդ միտումը կշարունակվի նաև 4-րդ եռամսյակում։
Հիմա ամփոփենք։ Մի կողմից՝ ՀՆԱ-ն աճում է, մյուս կողմից՝ ներդրումները նվազում են։ Պարզ թվաբանությունից գլուխ հանող մարդը միանգամից կարող է ասել, որ նման պայմաններում ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը ոչ թե կաճի, այլ կնվազի։ Այսինքն, եթե անգամ 2018-ին հաջողվի ապահովել գոնե 2017-ի չափ զուտ ՕՈՒՆ-ներ, միևնույն է՝ այդ հարաբերակցությունը կնվազի մինչև 1.7%, ոչ թե կաճի մինչև 3%-ի։
Իսկ Համաշխարհային բանկում այս թվաբանությունից գլուխ չե՞ն հանում՝ միգուցե հարցնեք դուք։ Իհա՛րկե հանում են, և ընդհանրապես, ՀԲ-ում աշխատում են լավագույն մասնագետներ։ Պարզապես թե՛ ՀԲ-ն, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ մյուս միջազգային հեղինակավոր կառույցները Հայաստանի նման փոքր երկրներին այնքան չեն կարևորում, որ օպերատիվ արձագանքեն փաստացի զարգացումներին և վերանայված կանխատեսումներում հաշվի առնեն դրանք։
Ճիշտ է, ՀԲ զեկույցում նշվում է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին և ընդգծվում, որ այդ իրադարձությունները չեն խաթարել տնտեսական աճի բարձր տեմպը, այդուհանդերձ, ակնհայտ է, որ զեկույցի հեղինակները վերջին ամիսների փաստացի զարգացումները հաշվի չեն առել (այլապես չէին խոսի ներդրումների աճի մասին)։ Իսկ որոշ դեպքերում (օրինակ, արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հետ կապված) հղում է արվում միայն առաջին եռամսյակի տվյալներին։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ կանխատեսումներին պետք է խիստ վերապահումներով մոտենալ՝ անկախ նրանից, թե կանխատեսողն ինչ հեղինակություն ու պրոֆեսիոնալիզմ ունի։