
ՀՅԴ խմբակցության 2 պատգամավոր չի մասնակցել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի քվեարկությանը նիստից բացակայել են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Ռոմիկ Մանուկյանը:
Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթը խորհրդարանում կրկին չստացավ բավարար թվով ձայներ և չընդունվեց: Այս անգամ պակասում էր ընդամենը մեկ ձայն: Բարեփոխումների փաթեթին 105 պատգամավորներից կողմ քվեարկեց 62, դեմ՝ 2 պատգամավոր: Փաթեթն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 ձայն:
Ազգային ժողովի նիստերի արձանագրություններում տեղադրված անհատական քվեարկություններից պարզ է դառնում, որ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը բացակայել են: ՀՅԴ խմբակցության մյուս պատգամավորները կողմ են քվեարկել:
ԸՕ-ում բարեփոխումների փաթեթին միաձայն կողմ են քվեարկել «Ծառուկյան» խմբակցության բոլոր 31 պատգամավորները, «Ելք» խմբակցության 9 պատգամավորները, կողմ են քվեարկել նաև այն պատգամավորները, ովքեր լքել են ՀՀԿ խմբակցությունը և ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր միացել էին արտահերթ ընտրություները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին:
Փաթեթին դեմ են քվեարկել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: