Հայաստանն ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկ չի ստացել. պաշտպանության նախարարի պաշտոնակատար

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին ակնարկին։

Ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն ստանալու և ռուսական զենքը ամերիկյան զենքով փոխարինելու մասին լրագրողի դիտարկմանն անդրադառնալով՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ով կարողանում է, ինչ կարողանում է՝ ձեռք է բերում: Մենք այս պահին Միացյալ Նահանգներից ոչ մի առաջարկություն չենք ստացել»։

Այն հարցին, թե առաջարկ ստանալու դեպքում ինչպես կարձագանքի հայկական կողմը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ գոյություն ունի գին, որակ, մատակարարման ժամանակ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: «Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը»,- ասել էր Բոլթոնն՝ ընդգծելով, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, ինչպես նաև, որ ամերիկյան զենքը ռուսականից լավն է։

Տեսանյութեր

Լրահոս