Մասնագետի պնդմամբ՝ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը Հայաստանում ցածր է
Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը սկսված է, բայց հիվանդացության մակարդակը ցածր է: Այս մասին հոկտեմբերի 25-ին Գրիպի տարեկան աշխատաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Այսօրվա գրիպի համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ անգամ սուր շնչառական վարակների ամենացածր շեմից ՀՀ-ում գրեթե 1.8 անգամ ցածր հիվանդացության մակարդակ կա: Այն հիվանդացությունը, որն այսօր գրանցվում է, բնականոն է, օրինաչափ այս սեզոնի համար, իսկ թե հետագայում ինչ կլինի և ինչ հիվանդացության պատկեր կունենանք, ապագան ցույց կտա»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով գրիպի հարուցիչներին` նա նշեց, որ այսօրվա դրությամբ հարուցիչներ չեն շրջանառվում: Շրջանառվում են շնչառական վարակների այլ հարուցիչներ` ադենովիրուսներ, պարագրիպ և այլն, որոնք ավելի թեթև ընթացք ունեն, հիվանդն ավելի հեշտ է կազդուրվում դրանց առկայության դեպքում, հեշտ է վիճակից դուրս գալիս: Թորոսյանը շեշտեց, որ նման հիվանդացության մեծ մակարդակը բաժին է ընկնում մանկական ազգաբնակչությանը, մասնավորապես 0-5 տարեկան երեխաներին:
Նա ընդգծեց, որ հիվանդանոցներում այս պահի դրությամբ բավականին հանգիստ իրավիճակ է, խառնաշփոթ չկա, հիվանդանոցներն այսօր պատրաստ են գրիպի սեզոնին:
«Համաճարակային իրավիճակը երկու փուլով է ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ»,-ասաց Լիանա Թորոսյանը:
Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը շեշտեց, որ ոչ մի երեխա, ոչ մի մեծահասակ չի մերժվելու, և բոլորը ստանալու են համապատասխան բժշկական օգնությունը:
Անդրադառնալով հարևան երկրներում տիրող իրավիճակին` նա նշեց, որ այնտեղ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է: Այդ մասին են փաստում ԱՀԿ-ի պաշտոնական տվյալները: