ՀՀԿ-ի ապագայի վերաբերյալ Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ». Արմեն Աշոտյան

Հանրապետականի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ»։ Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետականի վերաբերյալ արած երեկվա հայտարարություններին։

«ՀՀԿ-ին արմատախիլ անելու կոչեր անող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը ՀՀԿ ապագայով, իհարկե, հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագան կախված է բացառապես ՀՀԿ անդամներից և հասարակությունից, ով պետք է պատրաստակամություն ունենա թարմացած, բարեփոխված ՀՀԿ-ին տալու իր ձայնը՝ ելնելով այն հանգամանքից, որ Հանրապետականն է ներքաղաքական դաշտում բացառիկ ընդդիմադիր ուժը, որն ունի նաև հստակ ազգային գաղափարախոսական հիմք»,- ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը կոչ էր արել Հանրապետականին վերջ տալ դավադիր կեցվածքին՝ ընդգծելով, որ վերադարձ անցյալին չի լինելու:

Փաշինյանը՝ նաև անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալմանն, ասել էր, որ օրենսգրքի փոփոխությունը բխում է հենց Հանրապետականի շահերից, քանի որ հին օրենսգրքով այդ կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու շանս չունի: «Մեկը չկա ձեզ ձեր շահը բացատրի», – ասել էր Փաշինյանը:

Աշոտյանն այսօր ասել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ մանիպուլյացիաներն ուղղակի անթույլատրելի են։

«Ընտրական օրենսգրքի շուրջ մանիպուլյացիաներն ուղղակի անթույլատրելի են, ոչ մի աղերս չունեն ժողովրդավարության հետ և վկայում են այն մասին, որ քանի դեռ սուրն իրենց կտրում է, պատրաստ են կտրել ամեն ինչ», – նշել է ՀՀԿ փոխնախագահը՝ շարունակելով. – «Շատ ավելի ցանկալի կլիներ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ապագա վարչապետ դառնալու հավակնություն ունեցող անձն, իր ելույթում՝ Ազգային ժողովում, ավելի շատ խոսեր տնտեսության մասին, երկրի անվտանգության մասին, երկրի արտաքին քաղաքականության մասին։ Ցավոք, երեկվա ելույթը կրկին ապացուցեց, որ վարչապետի համար ներքին քաղաքական խաղերը շատ ավելի կարևոր են դառնում, քան երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները և բուն այն ոլորտները, որոնց համար վարչապետը կրում է ուղղակի պատասխանատվություն»։

Տեսանյութեր

Լրահոս