Եվս մեկ միջնորդություն դատախազին
Սամվել Մայրապետյանի պաշտպան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ի գիտություն ընդունելու գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները: Մայրապետյանին վիրահատած և հսկողության տակ պահող բժշկի կարծիքից բացի, երկրորդ կարծիք ստանալու նպատակով փաստաբան Սիրունյանը հարցման է ենթարկել հեղինակավոր նեղ մասնագետի: Սիրունյանի միջոնդության մեջ գրված է. «Հարցմանն ի պատասխան բժիշկը, անկասկած, հեղինակավոր կարծիք է հայտնել, որ, ելնելով Սամվել Մայրապետյանի առկա առողջական վիճակից, վերջինին հակացուցված է գտնվել անազատության մեջ՝ հատկապես՝ կալանավայրում»:
Փաստաբանի հարցմանն ի պատասխան տրամադրված տեղեկանքում նկարագրված է Սամվել Մայրապետյանի ոչ միայն հիվանդության տեսակը, դրա հնարավոր հետևանքները, այլ նաև՝ ռեժիմը, որը անհրաժեշտ է խստորեն պահպանել նշված հիվանդության պարագայում: Փաստաբանի հարցին՝ Ձեր կարծիքով հնարավո՞ր է արդյոք ապահովել ձեր կողմից նկարագրված անհրաժեշտ ռեժիմը և առողջության հսկողությունը կալանավայրում, բժիշկը հետևյալ կերպ է պատասխանել. «Իրատեսական չեմ համարում անազատության մեջ, հատկապես կալանավայրում անհրաժեշտ ռեժիմի և առողջության հսկողության ապահովումը, ինչը կվտանգի հիվանդի կյանքը»:
Սամվել Մայրապետյանի պաշտպան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված միջնորդության պատճեններն ուղարկվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ինչպես նաև՝ նույն նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին: