Բաժիններ՝

ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի»:

Այդ մասին նա հոկտեմբերի 23-ին հայտնել է BBC-ին տված հարցազրույցում: «Ո՛չ, ես կարծում եմ, որ դա միայն ընդունում է իրողությունների փոխվելը»,- ասել է Բոլթոնը, պատասխանելով այն հարցին, թե ինքը համաձայն է արդյոք ՌԴ-ի այն դիրքորոշմանը, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալը աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի:

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի գործողությունները կբերեն արդյոք սպառազինությունների մրցավազքի, նախագահի օգնականը հիշեցրել է, որ 17 տարի առաջ, երբ ինքը Մոսկվայում էր գտնվում Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ժամանակաշրջանում, «մենք բազմաթիվ համանման հայտարարություններ էինք լսում» եւ նշել է, որ «տվյալ հարցում հռետորաբանությունը գերտաքացված է»: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաեւ արդյունավետ է որակել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպումը, որտեղ նրանք քննարկել են ՄՓՀՀՊ-ի ակտուալությունը:

«Ես այժմ պաշտպանության նախարար Շոյգուի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցա այն բանի շուրջ, որ ՄՓՀՀ պայմանագիրը հնացել է: Մենք շատ արդյունավետ խոսակցություն ունեցանք պաշտպանության նախարար Շոյգուի հետ, որը տեւեց շուրջ մեկուկես ժամ»,-ասել է նա: Բոլթոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ հոկտեմբերի 23-ին՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Պլանավորվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նաեւ նախապատրաստվում է Բոլթոնի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Բոլթոնի այցը առանձնակի կարեւորություն ունի Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու պլանների ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս