Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել: Այն վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի հետ սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Վանեցյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն կաշառքով հյուրանոց է գնել։ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դիմել է դատարան՝ Վանեցյանից պահանջելով փոխհատուցում և հրապարակային հերքում հորը զրպարտելու համար։

Ավելի ուշ Ա. Վանեցյանն այդ կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ թե՝ փաստերով, այլ՝ էմոցիոնալ։ Նա նշել էր, որ խոսքը վերաբերում է «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված իր հայտարարությանը:

Վանեցյանը նաև հայտարարել էր, որ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին. «Առաջիկայում դրա հետ կապված էլ կլինի արդեն ավանդական դարձած ԱԱԾ տեսանյութերից»։

Տեսանյութեր

Լրահոս