Նրանք, ոովքեր տվել են իրենց համաձայնությունը, որ կաջակցեն, և նախագիծը կանցնի, իրականում գործնականում այլ վարք դրսևորեցին. Արա Բաբլոյան
«Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք մեր պատկերացումներում, դիրքորոշումներում ու հայտարարություններում: Այս պահին արդեն ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է, շատ լավ գիտեք, որ նույնիսկ 40 մարդ չկա խմբակցությունում: Եվ դնել պատասխանատվությունն ընդդիմության վրա, որը համաձայն չէ այդ մոտեցմանը, իսկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ համաձայն չէ կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ, ճիշտ չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով երկուշաբթի հրավիրվող արտահերթ նիստին և Ընտրական օրենսգրքի նախագծի նոր քննարկմանը:
Ըստ նրա՝ կան առնվազն 67-69 պատգամավորներ, որոնք տվել են իրենց համաձայնությունը, որ կաջակցեն, և նախագիծը կանցնի, սակայն իրականում գործնականում այլ վարք դրսևորեցին:
Ա.Բաբլոյանը ճիշտ մոտեցում համարեց, որ ԸՕ փոփոխությունները կրկին ԱԺ բերելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն են ցուցաբերել պատգամավորները, այլ ոչ թե կառավարությունը.
«Այո, սա շատ ճիշտ մոտեցում է, ես ողջունում եմ, որ կառավարությունը չի գնացել ինքը երկրորդ անգամ հրավիրելու, այլ այդ հնարավորությունը տվել է նրանց, ովքեր չիրականացրեցին իրենց պարտավորությունները»:
ԱԺ նախագահը չհամաձայնեց, որ ՀՀԿ-ն կարծես սաբոտաժ է անում, իսկ ինքը՝ որպես ԱԺ նախագահ, հետաձգեց քվեարկությունը, որպեսզի հնարավորություն տա, եթե կա մեծամասնություն, որն ուզում է աջակցել օրենքի ընդունմանը, գան, հավաքվեն ու ցույց տան իրենց դիրքորոշումը:
Նա անկեղծացավ և նշեց, որ ՀՀԿ-ն իր վրա ճնշում չի գործադրել, չի համոզել, որ չտա նման հնարավորություն. «Սրանով ՀՀԿ-ն ցույց տվեց, որ չի խոչընդոտում արդար քննարկումներին ու քվեարկությանը»: