Բացահայտվել է 5.000.000-ի գողության դեպք
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից կատարվել է գողություն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ից 19.50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով բնակարանից գողացել են 150.000 ռուբլի, 400 դոլար, 440.000 դրամ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 5.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի և Նոր Նորքի բաժինների ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 5 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Լուկաշ Հ.-ին, 1979 թ. ծնված Ալեքսանդր Ք.-ին և 1985 թ. ծնված Կարեն Օ.-ին: Գողոնը մասամբ հայտնաբերված է: Լուկաշ Հ.-ն, Ալեքսանդր Ք.-ն և Կարեն Օ.-ն ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: