
Թրամփը խոստացել է 10 տոկոսով նվազեցնել հարկերը միջին դասի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միջին դասի ամերիկացիների համար հարկերը նվազեցնել 10 տոկոսով: Այդ մասին գրել է Politico հրատարակությունը:
«Մենք առաջարկում ենք եկամտահարկի նվազեցում մոտավորապես 10 տոկոսով. մենք դա այժմ անում ենք միջին մակարդակի եկամուտ ունեցող մարդկանց համար: Դա բիզնեսի համար չէ… Դա լինելու է ի լրումն այն հարկերի նվազեցման, որը մենք արդեն արել ենք»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին:
«Մենք պլանը կներկայացնենք հավանաբար հաջորդ շաբաթ կամ մեկուկես-երկու շաբաթ հետո»,-ասել է նա՝ չճշտելով մանրամասները:
Թրամփը հավելել է, որ օրենդիրներին խնդրելու է հարկերի նվազեցման օգտին քվեարկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք պլանավորված են նոյեմբերի 6-ին: Politico-ն նշում է, որ Թրամփի խոստումները, ինչպես երեւում է, կոչված են համախմբել Հանրապետական կուսակցության ընտրողներին հաջորդ ամսին կայանալիք ընտրություններից առաջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: