Օլեգ Պանկրատովը կարևորում է Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացումը բիզնեսի համար
Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովն այն կարծիքին է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումն առաջնահերթություն է դարձել ինչպես երկրների կառավարությունների, այնպես էլ բիզնես հանրության համար:
Երևանում ընթացող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարը նշեց, որ այն ժամանակ, երբ ձևավորվում էր Եվրասիական տնտեսական միությունը, այդ տեխնոլոգիաների մասին որպես այդպիսին խոսք չէր էլ գնում: «Ուրախալի է ընդգծել, որ այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքն այնպես է կառուցված, որ ամենակարևոր առաջնահերթություններից մեկը հանդիսանում է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությունը: Տիգրան Սարգսյանն անձամբ է ղեկավարում այդ աշխատանքները, ինչը ցուցիչ է այն բանի, որ հանձնաժողովի համար, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար սա շատ կարևոր հարց է»,- նշեց նա:
Օլեգ Պանկրատովը հավելեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցը կրկնակի կարևոր է Ղրղզստանի համար, քանի որ այն լեռնային երկիր է, տարածքի 95 տոկոսը լեռնային է, ինչը բարդացնում է տրանսպորտային-լոգիստիկ երթուղիներ ստեղծելը, երկիրը դեպի ծով ելք չունի: «Այս ամենը հանգեցնում է նրան, որ մենք մեր երկրի տնտեսությունը պետք է կենտրոնացնենք այն ոլորտների վրա, որոնք թույլ կտան գտնել մրցակցային առավելություններ: Եվ, հավանաբար, սա է պատճառը, որ Ղրղզստանի ՀՆԱ-ի 52 տոկոսը ձևավորվում է ծառայությունների ոլորտի հաշվին:
Եվ հենց սրանով է պայմանավորված, որ մենք այսօր խոսում ենք պետական կառավարման ոլորտում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն անցնելու անհրաժեշտության մասին: Կառավարությունը հատուկ ծրագիր է իրականացնում, որը պետք է ստեղծի ամբողջապես էլեկտրոնային կառավարություն, անցնել «խելացի քաղաքների» ձևաչափին, բիզնեսի համար ստեղծել անհրաժեշտ միջավայր, որը կօգտագործվի: Սա երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու առաջին քայլն է»,- ասաց նա:
Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ իրենց համար կարևոր նշանակություն ունի նաև Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի կյանքի կոչումը, որն ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգման ներքո: «Մենք միշտ կողմ ենք եղել և կողմ ենք, որպեսզի այն տեխնոլոգիաները, որոնք մենք կարող ենք օգտագործել մեր համագործակցության շրջանակներում, պետք է ուղղված լինեն բիզնեսի համպար ֆինանսական և ադմինիստրատիվ բեռի թեթևացմանը, բիզնեսի համար պետք է ստեղծեն նոր մրցակցային պայմաններ»,- ընդգծեց Պանկրատովը: