
Իրանի և ԵՄ-ի միջև առևտրի համար ստեղծվող մեխանիզմը կգործի նոյեմբերին

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ Եվրամիության եւ Իրանի առեւտրական համագործակցության համար ստեղծվող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կսկսի գործել նոյեմբերին:
«Եվրամիությունը նաեւ ջանքեր է գործադրում, որպեսզի մշակի Իրանի հետ առեւտրական համագործակցության ֆինանսատնտեսական պլան: Այդ մեխանիզմը կգործարկվի 2018 թվականի նոյեմբերին»,- ասել է Սանային հոկտեմբերի 23-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին՝ Սանային նշել է, որ դրանք արդեն սահմանվել են: «Այն բոլոր պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը ցանկանում էր սահմանել, արդեն սահմանել է: Նոյեմբերի համար ոչինչ չի մնացել»,- հայտարարել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի որոշ ընկերություններ դադարել են Իրանում աշխատել, բայց եւ «շատ ընկերություններ մինչ օրս ակտիվորեն գործում են Իրանի շուկայում եւ մտադրություն ունեն շարունակել իրենց գործուներությունը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: