«Թուրքիայի մեդիա դաշտը հայտնվել է խավարում». Զեկույց
Թուրքիայում գործող «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGB) երկրի մեդիադաշտի վերաբերյալ 2018թ․ հուլիս- սեպտեմբերի ամիսներն ընդգրկող զեկույց է հրապարակել։
Կազմակերպության բնութագրմամբ՝ Թուրքիայի մեդիադաշտը հայտնվել է խավարում։ Արձանագրվել է, որ 2017թ․ ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից և 2018թ․ հունիսի 24-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իշխանության տարանջատման սկզբունքը վերջնականապես վերացել է։
«Բոլոր իրավասությունները փոխանցվել են մեկ անձի, ով միևնույն ժամանակ իշխող կուսակցության նախագահն է», – ասված է զեկույցի վերաբերյալ ÇGB-ի կողմից կատարված հայտարարության մեջ։
Զեկույցի՝ «սկզբունքների ոտնահարման և մանիպուլյացիա» խորագրով բաժնում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, թե ինչպես է իշխանամետ մամուլը քողարկում ողջ երկրի բնակչության վրա ազդող տնտեսական ճգնաժամը՝ դրա համար դեմ գնալով լրագրողության բոլոր սկզբունքներին։
Ընդգծվել է, որ այս երկրում ինչ-որ քաղաքական գործիչ կարող է հետապնդվել թանկարժեք վերնաշապիկի պատճառով, մինչդեռ Էրդողանի համար պետական բյուջեի միջոցներով գնված 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի մասին, չգիտես ինչու, բոլորը մոռանում են։ Իսկ իշխանության վարած սխալ արտաքին քաղաքականությամբ այլ երկրները հանրությանը ներկայացվում են որպես «սատանա», մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քողարկվում է «հրեշտակի» կերպարի ներքո։