Ե՞րբ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումն այլևս ազդեցություն չի ունենա

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում օրերս ասել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ»,- նշել էր Փաշինյանը։ Լրագրողների հարցին՝ այսինքն՝ հրադադարի խախտումների դեպքում հնարավոր կլինի՞ ուղղակիորեն կապվել Ադրբեջանի ղեկավարության հետ, Փաշինյանն արձագանքել էր դրական, սակայն նշել էր, որ յուրաքանչյուր դեպքի համար կապը չի լինելու: «Այնպես չէ, որ ամեն դեպքի համար կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության»,- ասել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքով՝ այս պահին արցախաադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնության արդյունքն է»։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, թե ինչպես օպերատիվ կապի հաստատումը կանդրադառնա շփման գծում իրավիճակի հետագայի և բանակցային գործընթացի վրա: Ըստ նրա՝ պետք է հասկանալ մեկ բան, որ հակառակորդի հետ նման կամ որևէ այլ տեսակի համաձայնության կարիք ունեին թե՛ հակամարտող կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, թե՛ Դուշանբեում նման հանդիպում միջնորդած երկրները, Ռուսաստանը՝ մասնավորապես։

Պետք է հասկանալ, որ, չնայած ներկայումս հնչող արմատական դիրքորոշումներին՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ, կողմերը դեռ թերագնահատում են այն գործիչներին, որոնց հետ քննարկում են կարգավորման գործընթացը, նկատելի են գերագնահատված սպասելիքներ միմյանցից՝ հատկապես ադրբեջանական կողմի մոտ, քանի որ այս կազմով երբեք բանակցություններ տեղի չեն ունեցել կարգավորման համար, և հույսեր կան, որ հակառակորդն այս դեպքում ավելի մեղմ կգտնվի: Հայաստանի նոր իշխանություններին, ըստ Ֆելգենգաուերի, հարկավոր էր հասարակությանը ցույց տալ իր դիվանագիտական ճկունությունը նախկին իշխանության համեմատ, իսկ Ադրբեջանին հարկավոր էր այս համաձայնությամբ հետագա բանակցությունների համար ճանապարհ հարթել:

«Վերլուծենք նաև, թե ինչո՞ւ միայն հիմա նման կապի համաձայնություն եղավ կողմերի մոտ: Չէ՞ որ նախկինում ևս եղել են առաջարկներ՝ մոնիտորինգ տեղակայելու, մեխանիզմներ ներդնելու և իրավիճակը վերահսկելու այլ միջոցառումներ անցկացնելու համար:

Սակայն դրանք տապալվել են: Բայց հիմա, չգիտես, թե ինչպես, համաձայնեցվեց մի բան, որը, ինչպես ես եմ կարծում, նախկինում չէր քննարկվել, քանի որ նախկինում օրակարգում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ավելի բազմակողմանի էին, և դրանց դեմ էր Ադրբեջանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով։

Բայց ի՞նչ է այդ առաջընթացը Ադրբեջանի ու Հայաստանի համար. դրանք բոլորովին տարբեր տեսլականներ են, և ես չեմ կարծում, թե կողմերը պատրաստ են դրանցում փոփոխություններ կատարելուն, հասարակությունների մեջ արմատացած մոտեցումները փոփոխելուն: Հակամարտության չկարգավորմանը խոչընդոտող հանգամանքները լրջորեն արմատացած են երկու երկրներում, հասարակություններում, երկրներից ոչ մեկը կարգավորման փոխզիջումային տարբերակ չի պատկերացնում: Ուստի, կարծում եմ, այս գերագնահատված սպասելիքների ֆոնին փորձ կլինի կազմակերպել բարձր մակարդակի բանակցային գործընթաց, որը հակառակորդի դիրքորոշումներին ծանոթանալու, տրամադրվածությունը բացահայտելու հնարավորություն կտա:

Սրանից հետո, ըստ իս, իրավիճակը կվերադառնա նախկին տրամաբանությանը: Ղարաբաղյան հակամարտության դեպքում կարևոր են գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում, և ոչ՝ մակերեսում: Մակերեսում մենք ունենք օպերատիվ կապի հաստատում, բայց արդյո՞ք այն կարող է էական ազդեցություն ունենալ, եթե կողմերից մեկը նախաձեռնի լուրջ ռազմական գործողություններ:

Գուցե խոսեի արդյունավետության մասին, եթե տեղյակ չլինեի կողմերի դիրքորոշումների մասին, բայց հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները՝ նման համաձայնությունները չափազանց փխրուն են, ի վերջո, դոմինանտ են դիրքորոշումները»,- ասաց Ֆելգենգաուերը:

Ռազմական փորձագետը չնայած մեծ հույսեր չունի, այնուամենայնիվ դրական է համարում այն հանգամանքը, որ անհրաժեշտության դեպքում կողմերը կկարողանան կապ հաստատել միմյանց հետ: Սակայն, ըստ նրա, երբ դրական սպասելիքների փուլն ավարտվի, օպերատիվ կապը մեծ ազդեցություն ունենալ չի կարող:

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը դրական է համարում, որ երկար դադարից հետո կողմերը կարողացան գոնե ինչ-որ հարցի շուրջ համաձայնության հասնել: Սա, նրա կարծիքով, կարևոր է՝ նույնիսկ անկախ հետագա արդյունքից:

«Սակայն ես կարծում եմ, որ կա դրական տրամադրվածություն, որի արդյունքում այս համաձայնությունը ձեռք բերվեց, և այն կունենա ազդեցություն, քանի դեռ կա դրական ֆոն: Բայց թե որքա՞ն այն կերկարաձգվի, ես չեմ կարող ասել, քանի որ Ղաբարաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները բավականին բարդ ու անկանխատեսելի են:

Ես այն կարծիքին եմ, որ քանի դեռ Հայաստանում շարունակվում են ներքաղաքական բուռն զարգացումները, վերադասավորումներն ավարտին չեն մոտեցել, բուռն բանակցային գործընթաց հակամարտության կարգավորման շուրջ տեղի չի ունենա: Մենք սուր արձագանքի ականատես եղանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում զիջում անելու շուրջ, որը բացահայտեց հասարակության իրական վերաբերմունքը և դիրքորոշումը. այս պայմաններում որևէ զիջման մասին դժվար է խոսել, ինչը դժվարացնում է բանակցությունների ընթացքը:

Առաջիկայի համար լուրջ սպասելիքներ չունեմ կարգավորման գործընթացի համար: Ինչ վերաբերում է օպերատիվ կապին, ապա դա արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ դա կողմերը ցանկանան: Կայուն հրադադարի համար հարկավոր է ծանր տեխնիկան դուրս բերել առաջնագծից»,- նկատեց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս