
2020 թվականից Թբիլիսին կունենա մինչև 200 էլեկտրաավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից մայրաքաղաք կբերի միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց էլեկտրաավտոբուս: Ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, այս մասին Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Քալաձեն հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության ծրագրի առաջին փուլի շնորհանդեսին, որը նախաձեռնել է վարչապետը։
«Դա շատ կարեւոր նախագիծ է. 2020 թվականից Թբիլիսի կբերվեն միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց էլեկտրաավտոբուսներ: Սկզբնապես կարծում էի, թե մայրաքաղաքում 18-մետրանոց ավտոբուսների երթեւեկությունը կլինի անհնար եւ բարդ, բայց «Սիստրա» ընկերության կատարած հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ 2020 թվականից մայրաքաղաքին անպայման հարկավոր են էլեկտրաավտոբուսներ, որոնք պետք է լինեն 18-մետրանոց: Մտադիր ենք 2020 թվականից այն 550 ավտոբուսների քանակը, որոնք Վրաստանում կլինեն 2019 թվականի վերջին, ավելացնել մինչեւ 900 միավոր»,- հայտարարել է Կախա Քալաձեն:
Նրա խոսքով՝ 2019 թվականից հետո Թբիլիսիում բոլոր ավտոբուսները կլինեն էլեկտրական, ինչը շատ կարեւոր է մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի բարելավման տեսակետից: