«Վերին շարքում նստող ՀՀԿ-ի պատգամավորներից 3-ը շատ ավելի քվե էին վերցրել տեղերում, քան «Ելք» դաշինքն ամբողջությամբ». Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արտակ Զեյնալյանի ներկայացումներից հետո երբեք մեկնաբանություններ չի արել, համարել է, որ Զեյնալյանը կոնկրետ և սպառիչ է խոսում, դրա համար ներկայացված օրենքին միանշանակ «այո» է ասում։

«Թե ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» խմբակությունը, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ելք» խմբակցությունը կողմ են արտահայտվել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, հետևաբար՝ այս հարցը քննարկումից դուրս է։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի ընտրություն պետք է կատարենք դեկտեմբերին։ Եթե կան որոշակի ուժեր, որոնք ուզում են, որ այդ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, ապա ի՞նչ են շահելու այդ ուժերը։ Հանրային ընկալման մեջ նույն այդ համամասնականը համարվում է հինը, վատը, Էդմոն Մարուքյանի ասած՝ «Գագասիկի ընտրություն»։ Ժողովուրդն այդպես է ընկալել, որ դա թաղային հեղինակության ընտրություն է։ ՀՀԿ վերին շարքում նստող պատգամավորներից 3 մարդ շատ ավելի քվե էին վերցրել տեղերում, քան «Ելք» դաշինքն ամբողջությամբ։ Նման վարկանիշային ընտրությունը դուք համարում եք բնակա՞ն»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա հասկանում է, որ աշխատատեղեր ստեղծելը նույնպես քաղաքականություն է, բայց հստակեցնում է՝ աշխատատեղեր կարելի է ստեղծել՝ առանց պատգամավոր դառնալու.

«Ընդունենք, որ այդ մարդիկ պատգամավոր դառնալուց հետո այս ամբիոնից չեն օգտվել։ Իսկ որ նոր խորհրդարանում կլինեն մարդիկ, որոնք այդ աշխատատեղեր ստեղծող մարդկանց շահերը կպաշտպանեն, այստեղ կասկած լինել չի կարող։ Հետևաբար՝ հիմնական խնդիրը, որը վերաբերում է ընդհանուր համամասնական համակարգին, պետք է ընդունելի լինի բոլորիս համար»։

Սարգսյանն ընդգծեց՝ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հետհեղափոխական ընտրություններում մյուս ուժերի հնարավորություններն այդքան էլ մեծ չեն. «Սա շատ լուրջ խնդիր է այստեղ ներկա գտնվող գրեթե բոլոր ուժերի համար։ Բնականաբար, այս օրենքը պետք է ընդունվի, որ ԱԺ-ն չլինի միատարր։ Կամ ինչո՞ւ դեմ գնալ ընտրագրավի կրճատմանը, այդքան հարո՞ւստ են այստեղի քաղաքական ուժերը, ինչո՞ւ 10 մլն դրամ մուծել»։

Նա նշեց, որ քննարկվող խնդիրները, դեռ 1999թ., երբ ինքը վարչապետ էր, քննարկվում էին. «Հիմա 10 օր էլ քննարկենք, 1 ամիս էլ քննարկենք, էլի այս թեմայով լինելու են վիճողներ։ Ես, իհարկե, դեմ եմ ավելորդ արագությանը, բայց գտնում եմ, որ հասունացել է պահը, որ դեկտեմբերին նոր ընտրական օրենսգրքով գնանք ընտրություններին։ Վենետիկի հանձնաժողովը տեսակետ ասել է,  բայց նա նաև լեգիտիմ է համարելու ժողովրդի կողմից արված ցանկացած ընտրության արդյունք»։

Տեսանյութեր

Լրահոս