
Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Վարպետի կեղծված կտավների վաճառքի մասին

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն օգոստոսի 27-ին գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում ասել էր, որ իր ձեռքի տակ են փաստաթղթեր, որոնցից մեկի համաձայն՝ «Մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը եզրակացություն էր տվել Մարտիրոս Սարյանի նկարների վերաբերյալ՝ առ այն, որ դրանք բնօրինակ չեն, և այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ՝ եղել է նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլև կեղծ են: Նա նշել էր, որ իր ստորագրությունը նույնպես կեղծված է:
«Դա ամենացավոտ խնդիրն է, որի մասին չեմ ուզում ընդհանրապես խոսել: Կարևորը, որ պայքարը սկսվել է, պետք է ինչ-որ մի տեղ հասնենք: Տարիներ շարունակ Մշակույթի նախարարության կողմից հավատարմագրված փորձագետները կանաչ ճանապարհ են տվել կեղծիքներին, այս ամենի վերջը պետք է տրվի, դրա ճանապարհին ենք»,- 168.am ասաց Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը:
Անդրադառնալով Մշակույթի նախարարության և թանգարանների համագործակցությանը՝ նշեց.
«Գիտեմ, որ ծրագիր է մշակված, համաձայն որի՝ երեխաներին հնարավորություն կտրվի անվճար այցելել թանգարաններ, իսկ գումարը կվճարի պետությունը: Խոսակցությունը եղավ, հիմա գործնական քայլերի ենք սպասում»:
Ռուզաննա Սարյանի փոխանցմամբ՝ Սարյանի տուն-թանգարան շատ են այցելում.
«Մինչև վերանորոգումը մոտ 13.000 էր այցելուների թիվը, հիմա մոտենում է 30.000-ին: Ընդգծեմ, որ վերանորոգումն ավարտվել է 2015 թվականին, 2016թ. վերաբացվել է թանգարանը: Ցավոք, տուրիստական ընկերությունների հետ խնդիրներ կան: Թանգարաններն անտեսվում են. հիմնականում զբոսաշրջիկներին տանում են Պատմության թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ»:
Անի Կարապետյան