«Ոչինչ չէր փոխվի, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի փոխարեն՝ անցկացնեին հաջորդ տարվա գարնանը». Լարիսա Ալավերդյան

ՀՀ-ում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի արձագանքին՝ նկատեց, որ 1995 թվականի ընտրություններից հետո բազմիցս դատապարտել է եվրոպացի դիտորդներին, քանի որ այնպես էր ստացվում, որ հայ հասարակությունն ընտրությունների ժամանակ տեսում էր, թե  ինչ է տեղի ունենում, իսկ նրանք՝ ոչ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում մասնակցել են ԸՕ-ի բարեփոխման վերաբերյալ քննարկմանը։ Որից հետո Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն էր տարածել՝  նշելով, որ հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները և ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում: Նա նաև ողջունել էր ՀՀ իշխանություններին՝ Ընտրական օրենսգիրքը փոփոխելիս միջազգային ստանդարտներին հետևելու համար։

«Ունեմ կասկած՝ արդյո՞ք Եվրոպային ու միջազգային կառույցներին  անհրաժեշտ է, որ Հայաստանում լինեն լեգիտիմ, ուժեղ և հաջողակ իշխանություններ, թե՞ պետք է, որ այն կառավարելի ու խոցելի լինի։  Այս առումով Վենետիկի հանձնաժողովը հաստատել էր ինձ համար ոչ ընդունելի սահմանադրական փոփոխությունները և Ընտրական օրենսգիրքը։ Ես նեղացած եմ եղել Վենետիկի հանձնաժողովից և մնացած միջազգային ինստիտուտներից, քանի որ չէր երևում և այժմ էլ չի երևում, թե ինչ թերություններ ունեն այդ Սահմանադրությունն ու ԸՕ-ն, այնպես որ, սրա հետ  էլ պետք է համաձայնեին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ մեր զրուցակցի, ոչինչ չէր փոխվի, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի փոխարեն՝ անցկացնեին հաջորդ տարվա գարնանը։

Նրա բնորոշմամբ՝ ժողովուրդն այսօր պատրաստ է նույնիսկ տապալված խնդիրներով պահել ներկայիս իշխանությանը, որովհետև ինքն է բերել:

«Այստեղ նույնիսկ վտանգ կա, որ, եթե լինեն անգամ խոշոր սխալներ, ժողովուրդը պատրաստ է ներելու, իսկ նախկինում, երբ իշխանությունները լավ ծրագրեր էին իրականացնում, նույն ժողովուրդն այն չէր ընդունում, որովհետև ամենաքաղցր ուտելիքը նա ընդունում էր՝ որպես թույն։ Իսկ այսօր տեղի է ունենալու  հակառակը, այո, մենք պետք է այս կամ այն ուժերին տայինք ժամանակ, բայց այդպես չեղավ, և այս էյֆորիկ վիճակը երկարատև է լինելու։ Բայց լավատես եմ, քանի որ շատ բաների ենք դիմացել, հիշենք անկախությունից հետո առաջին իշխանության տարիները, երբ չկար լույս, ջուր, բայց դիմանում էինք, որովհետև ասում էինք՝ գաղափար ունենք։

Այստեղ էլ կա այդ էներգետիկան, դրա համար էլ ասում եմ, որ ոչ թե ընտրություններն են որոշակիացնելու քաղաքական ու հասարակական դաշտը, այլ հետընտրական գործընթացները, որից հետո նոր մենք կհասկանանք՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ձևավորել իրական քաղաքական դաշտ և իրավական պետություն, թե՞ կրկին ընկնելու ենք սար ու ձոր և շարժվելու ենք  «Сам ты дурак» ֆորմուլաներով։ Պետք է կարողանանք այս անգամ հնարավորությունն օգտագործել»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Զվարթ խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս