«Հայաստանում իշխանությունը պատկանում էր ոչ թե ժողովրդին կամ որևէ քաղաքական ուժի, այլ այդ 60 հոգուն». Հովհաննես Իգիթյան

«ՀՀ վարչապետը հրաժարական է տվել ոչ թե այն ձևով, ինչպես ամբողջ աշխարհն է հասկանում, ուղղակի մեր Սահմանադրություն գրողները չէին պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման վիճակ լինել, երբ ժողովուրդը կունենա մի կարծիք, իսկ այն ուժը, որն իրեն մեծամասնություն է համարում պառլամենտում, ապրի լրիվ այլ կյանքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում օրենքին համապատասխան միակ քայլը սա էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց դա օգտագործել:

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ցանկացած ինստիտուտ ունի ինքնալուծարվելու իրավունք. «Ինչպես նախագահն ունի հրաժարական տալու իրավունք, այնպես էլ ԱԺ-ն կարող է նման իրավունք ունենալ։ Չնայած մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց գնում ենք նախագահական ընտրությունների տրամաբանությամբ։ Մենք գնում ենք ընտրելու պետության առաջին դեմքին։ Ժողովուրդն այդպես է պատկերացնում։ Մենք մինչև հիմա լուծում ենք ՀՀ լեգիտիմ պետության  գլուխ ունենալու հարցը, թե հետագայում ինչպես կանենք, որ խորհրդարանական ընտրություններն իրոք դառնան խորհրդարանական, այլ հարց է»։

Իգիթյանն անհեթեթ է համարում այն սահմանադրական թեզը, երբ 70%-ի շեմից ավելի որևէ ուժ չի կարող ունենալ, իսկ մնացած 30%-ը կլինի ընդդիմություն. «Դա միայն ենթադրվում է. ո՞վ է ասում, որ այդ 30 %-ը կբաշխվի ընդդիմադիր ուժերի մեջ։ Որոշ դեպքերում մեզ մոտ ընդդիմությունն իրեն համարում էր այլընտրանքային իշխանություն։ Ես համոզված եմ, որ մենք կունենանք ընդդիմություն այն ժամանակ, երբ կստեղծվի այն քաղաքական դաշտը, որտեղ հնարավոր է, որ քաղաքական գործիչներն ու ուժերը ձևավորվեն: Հայաստանում քաղաքական դաշտը ձևավորված չէ նաև հասարակության մեջ։ Չկան հասարակության այն շերտերը, որոնք հասկանում են, թե որ քաղաքական ուժերն իրենց շահերը կարող են առաջ տանել»։

Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ եթե վարչապետը չունի մեծամասնություն խորհրդարանում, նշանակում է՝ վարչապետ չէ, այլ նախագահ է. «Ստեղծվել է իրավիճակ, որտեղ 60 հոգի ամենևին քաղաքական գործիչներ չեն, և մի զարմացեք, որ մեկը մի ճամբարից մյուսն է թռչում: Մենք չպետք է մեր երկրի բոլոր ճյուղերը տանք այդ 60 հոգուն, որոնք քաղաքական գործիչներ չեն: Հայաստանում իշխանությունը պատկանում էր ոչ թե ժողովրդին կամ որևէ քաղաքական ուժի, այլ այդ 60 հոգուն, որոնք նաև անձնական դրդապատճառներով այս կամ այն կոճակն էին սեղմում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս