«Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի, որպեսզի Արցախի հիմնահարցի շուրջ տեղի ունեցող հանդիպումները վերածվեն բանակցությունների». Լարիսա Ալավերդյան

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հոկտեմբերի սկզբին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնարավոր համարեց, որ երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները կարող են ևս մեկ հանդիպում ունենալ այս տարվա վերջին։

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան,  «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումից՝ նկատեց, որ հանդիպումից որևէ ակնկալիք չունի, քանի որ դրանք շարունակությունն են այն անպտուղ, սակայն շատ կարևոր և պահանջված հանդիպումների, որոնք տեղի են ունեցել նաև նախկինում։

«Նման հանդիպումները պահանջված են, որովհետև դասական միջազգային հարաբերությունների դաշտում, հասկանալի է, նմանօրինակ հանդիպումները զինված առճակատման հնարավորությունները նվազեցնում են։ Մոտակա տարիներին չեմ տեսնում այն փոփոխությունը, որը կարող է լինել բանակցային գործընթացի միջոցով կամ գործընթացում։ Նման բան չեմ ակնկալում այն պատճառով, որ հարցի վերաբերյալ կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ, որոնք թույլ չեն տալիս գտնելու ընդհանուր կետ այս հարցում»,- ասաց Լ. Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ իրական բանակցություններ տեղի չեն ունենում նաև այն պատճառով, որ նույն տարածքի մեջ չեն հանդիպում Արցախը, Հայաստանը և Ադրբեջանը, և հայկական կողմի պահանջն այն պետք է լինի, որ նման հանդիպումները վերջապես դառնան բանակցություններ։

168.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի հանդիպումները վերածվեն բանակցությունների, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահն Արցախի հարցի կարգավորման համար հույսը միշտ կապում է Հայաստանի իշխանափոխության հետ, և հակառակը՝ Հայաստանում էլ կան երիտասարդ որոշ քաղաքական ուժեր , որ մտածում են՝ եթե Ադրբեջանում իշխանափոխություն լինի, հնարավոր է՝ Արցախի հարցը խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի։

«Կարծում եմ՝ մենք ունենք բոլորովին այլ ճանապարհ, այն է, որ Հայաստանը չի օգտագործում Ադրբեջանի այն կոպիտ քայլերը, որով նրանք խախտում են միջազգային նորմերը։ Հստակ մենք կարող ենք ամեն օր քաղել այդ նյութը։ Կան աշխարհաքաղաքական այնպիսի զարգացումներ, որտեղ Ադրբեջանի կողմից տեղի է ունենում միջազգային նորմերի կոպիտ ոտնահարում։ Այստեղ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը, որտեղ մարդու իրավունքների և միջազգային նորմերի խախտումներն արդեն վեր են ածվել հակադրության։ Այս առումով Ադրբեջանի գործողությունները ոչ միայն հավասար չեն իսլամիստ ահաբեկիչների գործողություններին, այլև մեկ քայլ էլ առաջ են»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել էին այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս