«Ինչպես լուսանկարեցի Մարտիրոս Սարյանին». Յուրի Ռոստ
Երևանի «Մոսկվայի Տանը» ներկայացված են ռուս լրագրող, լուսանկարիչ, գրող, դերասան և պարզապես ճանապարհորդ Յուրի Ռոստի աշխատանքները, ով, ի դեպ, Մարտիրոս Սարյանի վերջին լուսանկարի հեղինակն է: Այս ամենն ուղեկցվում էր գրական տեքստով, որոնք ավելի շատ ոչ թե լուսանկարների մասին են, այլ դրանց առիթով են:
«Շատերին չի հաջողվել լուսանկարել, քանի որ մտածում էի, թե մարդկանց կյանքը երկար է, կհասցնեմ: Մարտիրոս Սարյանը 90 տարեկանն անց էր, երբ իմ հայազգի ընկերոջից առաջարկ ստացա նրան հանդիպելու: Տեսանք Սարյանին՝ պիջակով, նստած սեղանի մոտ: Նկարում էր: Մեզ որևէ ուշադրություն չդարձրեց, իսկ ես փորձեցի օգտվել առիթից ու լուսանկարել նրան: Անհաջող էր ստացվում: Հետո նկատեցի, որ վեր կացավ ու մոտեցավ պատուհանին: Ոչ թե դուրս էր նայում, այլ մտքերով այլ աշխարհում էր: Ահա այդ պահն էր հավերժացրեցի»,- անկեղծացավ լուսանկարիչը:
Ցուցահանդեսին ներկա էր Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը. նա եկել էր ծանոթանալու Յուրի Ռոստի հետ, հրավիրելու թանգարան:
«Գիտեի լուսանկարի պատմությունը, շատ կցանկանայի նրա լուսանկարների ալբոմը ձեռք բերել, որպեսզի լինի թանգարանում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուզան Սարյանը:
Յուրի Ռոստը ներկայացրել էր լուսանկար նաև 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից: Այն ուղեկցվում էր հետևյալ տեքստով.
«Եվ ցնցվեց հողը, և փլուզվեց աշխարհը, և խանձվածքի ու փոշու ժանտահոտ ամպերը երկինք բարձրացան, և ով կանգնած էր՝ պառկեց, իսկ ով պառկած էր՝ այդպես էլ մնաց պառկած, և ով խոսում էր՝ լռեց:
Եվ շատ տեղերից շատերը եկան ձեռքերով վիշտը կիսելու, ոմանք գողերի հետ եկան, և նրանք մարդիկ չէին:
Եվ ամեն ինչ եղավ այդպես:
Եվ ողջերը փնտրում էին իրենց մերձավորներին փոշիներում թաղվածների մեջ և գտնելով հանգստանում էին լուռ, և դա աղաղակից ավելի սարսափելի էր:
Եվ քայլում էին տառապյալ հին հողի վրա ու հարցնում էին՝ ինչի՞ համար:
Եվ ես հարցնել եմ ուզում.
Ի՞նչ մեղք էր գործել ութսունամյա գյուղացի Ազնիվ Մկրտչյանը, որ թույլ տվեցիր զոհվելու նրա դստերն ու որդուն, և հարսին, և երեք թոռներին: Դու այդպես դաժանաբա՞ր պատժեցիր նրան՝ կենդանի թողնելով այս հողի վրա:
Ներիր նրան, Տեր, ներիր նրան»:
Յուրի Ռոստը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացրել է իր սիրելի լուսանկարները:
«Սրանք Երևանում առաջին անգամ են ներկայացվում: Հերոսները մարդիկ են, որոնք ինչ-որ բան ավելացրել են շատերիս կյանքում: Մեկը՝ բառ, մյուսը՝ ժպիտ: Լուսանկարները կօգնեն ձեզ՝ պահել հույսը, որ կյանքում ամեն ինչ այնքան էլ զզվելի ու վատ չէ»,- դիմելով ներկաներին՝ ասաց Յուրի Ռոստը:
Անի Կարապետյան