«Բոլոր գյուղացիների անունից դիմում ենք վարչապետին»
«Հայաստանում լոլիկի պակասը պայմանավորված է մորմազգի ցեցի առկայությամբ։ Ցեցը վնասատու է, ոչ թե հիվանդություն, ինչպես Արարատի մարզում հայտարարեց վարչապետը։ Նա կարող է դա չիմանալ, բայց դա թիթեռ է, որը վնասում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը։
Նրա խոսքով՝ ցեցը հիմնականում Թուրքիայից է ներմուծվել Հայաստան. «2011թ. գարնանը միանգամից բազմացավ։ Այն ժամանակ ասացինք, որ պետք է կարանտին հայտարարել, արդյունավետ պայքար իրականացնել, կազմվեցին համապատասխան ծրագրեր, բայց ամեն ինչ թղթի վրա մնաց, որևէ քայլ չարվեց։ Մասիսի տարածաշրջանից ցեցը տարածվեց, հասավ Նոյեմբերյան, նախալեռնային գոտիներ։ Ցեցը միայն վնասում է մորմազգիներին, լոլիկն ամեն տարի շուկայում սկսեց թանկանալ, ընդհուպ՝ այս տարի 300-400 դրամ դարձավ։ Դա հիմնականում ցեցի պատճառով էր, մյուս խնդիրները քիչ տոկոս են կազմում, օրինակ՝ եղանակային պայմաններ, ոռոգում և այլն»։
Ֆերմերի խոսքով՝ փակ գրունտում ցեցի դեմ հնարավոր է լինում արդյունավետ պայքար կազմակերպել, իսկ բաց գրունտում համատարած միջոցառումներ են պետք.
«Եթե համատարած պայքարենք, մյուս տարի բերք կունենանք։ Լուծումն արդեն ֆերմերից անցել է, հարցը պետք է կառավարությունը լուծի։ Այսօր մեր ասելիքը կարծես տեղ է հասնում, և ամբողջ գյուղացիների անունից դիմում ենք վարչապետին՝ գոնե 2019թ. սկսվեն միջոցառումները ցեցի դեմ, այլապես Հայաստանը կդառնա լոլիկ ներկրող երկիր։ Այդ նույն ցեցը կա նաև «Սպայկայի» մեքենաների մեջ, դրա համար Լարսում դրանք մնացին, այդ պատճառով հետ ուղարկեցին ապրանքը։ Համապատասխան միջոցառումներ չեն կատարվում։ Վարչապետին խնդրում ենք՝ կամ ընդհանրապես Գյուղնախարարությունը փակի, սարքի կոմիտե, կամ նորմալ աշխատող նախարար ընտրի, ոչ թե դոմինոյի կամ շախմատի քարի պես՝ այս կամ այն կուսակցությունից նշանակումներ անի»։
Նա նշեց, որ 2011-13թթ. բաց գրունտում աճող լոլիկի գինը եղել է 30 դրամ, իսկ այս տարի արդեն 300 դրամ է դարձել. «Դե, պատկերացրեք՝ քանի անգամ է ապրանքը պակասել ու գինն ավելացել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում