Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Երևանում՝ «Շառլ Ազնավուր» կեցավայրում, հոկտեմբերի 11-ին, մասնակցեցին «Ազնավուր» կենտրոնի նախագծի ներկայացման արարողությանը:
Ֆրանսահայ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն է, և տնօրեն Քրիստինա Սարգսյանը ներկայացրին «Ազնավուր» կենտրոնի նպատակներն ու գործունեության ուղղությունները:
Կենտրոնում գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին և անցած ուղուն, ինչպես նաև կդասավանդվի կինո, երաժշտություն և ֆրանսերեն։
Երկու նախագահները՝ տիկնանց և հիմնադրամի ղեկավարների հետ շրջայց կատարեցին կենտրոնի տարածքում, որն իր դռները կբացի շենքի ամբողջական վերակառուցումից հետո:
Այնուհետև նախագահներ Արմեն Սարգսյանը և էմանուել Մակրոնը հանդես եկան ելույթներով: Նախագահ Սարգսյանը նշեց, որ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր, 100 տոկոսով՝ հայ, և 100 տոկոսով աշխարհինն էր՝ աշխարհի քաղաքացի:
«Սիրելի Նիկոլա, իմ, տիկնոջս, ընտանիքիս և ողջ հայ ժողովրդի անունից կրկին խորին ցավակցություն եմ հայտնում այս մեծ կորստի համար: Քո հայրը՝ մեծ պոետը, ժամանակին փիլիսոփայորեն ասել է, որ կյանքը շատ պարզ է՝ կա ծնունդ, և կա մահ, ու դրանց միջև կյանքն է: Սակայն թույլ տվեք ասել, որ Ազնավուրի նման մեծ պոետի, երաժշտի, արտիստի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո: Նրա երկրորդ կյանքը սկսվեց մի քանի օր առաջ»,- ընդգծեց Սարգսյանը:
ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց էմանուել Մակրոնին այն ամենի համար, ինչ արել էին ինքն ու իր կինը՝ Բրիջիտն, ու Ֆրանսիայի ժողովուրդը՝ ցույց տալով Ազնավուրի հանդեպ մեծ սերն ու գնահատանքը:
«Մենք այսօր պատմական պահ ենք ապրում՝ նայելով ապագայի «Ազնավուր» կենտրոնին, Նիկոլայի ապագա տանը, Ֆրանսիայի ապագա տանը: Վստահ եմ, որ այս տունը կդառնա հիանալի կենտրոն՝ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս ֆրանսերեն խոսքը, ֆրանսիական մշակույթը տարածելու համար»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը Մակրոնին առաջարկեց մեկտեղել ջանքերը և Ֆրանսիայում ու Հայաստանում բարեգործական համերգներ կազմակերպել՝ ի հիշատակ Ազնավուրի, իսկ հանգանակված գումարը ծառայեցնել «Ազնավուր» հիմնադրամի նպատակներին:
«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Սարգսյանը հայտնվեց, որ հիմնադրամի միջոցով Ազնավուրը ցանկանում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև կառուցել նոր կամուրջ:
«Մենք կշարունակենք այս առաքելությունն ավելի մեծ ջանքերով ու նվիրումով»,- ընդգծեց Քրիստինա Սարգսյանը:
Նիկոլ Ազնավուրն էլ իր հերթին նշեց, որ իր և հիմնադրամի ողջ թիմի համար ցավալի է ներկայացնել «Ազնավուր» կենտրոնի ծրագիրն՝ առանց հոր ներկայության:
«Ազնավուր» կենտրոնի ճարտարապետը Արիս Ադամյանն է, ով դեռ Ազնավուրի կենդանության օրոք նրա հետ քննարկել է կենտրոնի ամբողջական վերակառուցման նախագիծը: