ԱՄՆ-ում ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների կրճատման ծրագիր են ներկայացրել
Անվտանգության բնագավառում եվրոպական եւ տարածաշրջանային համագործակցության ենթակոմիտեի (Մտնում է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի մեջ) նախագահ Ռոն Ջոնսոնը եւ այդ ենթակոմիտեի անդամ սենատոր Քրիս Մերֆին ներկայացրել են օրինագիծ, որը Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումների կրճատման միջոցառումներ է առաջարկում:
Այդ մասին հաղորդվում է Մերֆիի պաշտոնական կայքում: «Եվրոպական անվտանգության եւ էներգետիկայի հատվածում դիվերսիֆիկացման մասին» օրենքն ուղղված է «Ռուսաստանի կործանարար ազդեցությանը հակազդելուն եւ ԱՄՆ-ում ու արտասահմանում տնտեսական հնարավորությունների ստեղծմանը», նշվում է կայքում:
Փաստաթուղթը 1 մլրդ դոլարի հատկացում է նախատեսում ԵՄ-ում էներգիայի նոր աղբյուրների օգտագործման նախագծերի ֆինանսավորման, ինչպես նաեւ Եվրամիությանը դիվանագիտական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
«Այս օրենքը ԱՄՆ-ի առեւտրի ու զարգացման գործակալությանը եւ մյուս գործակալություններին հնարավորություն է տալիս աջակցել Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ռազմավարական առումով կարեւոր էներգետիկական նախագծերում ԱՄՆ-ի մասնավոր հատվածի ներդրումներին: Այն կպաշտպանի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը՝ օժանդակելով Եվրոպայում էներգետիկական անվտանգության բարելավմանը եւ շուկայի դիվերսիֆիկացմանը»,-պարզաբանել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: