Բաժիններ՝

«Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ափալ-թափալ սկսեցին քանդել շենքը». Տիգրան Հեքեքյան

«Հին Երևան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին է պատկանում 1995 թվականից:

Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «Երբ սկսում էինք նախագիծը, ես առաջարկել էի, որ այդ շենքը մնար: Ամբողջ տարածքը պետք է հասարակական-մշակութային լինի, չդառնա միայն սրճարանների, օֆիսների տարածք, լինի բազմաշերտ, ամեն մեկը գտնի իրեն հետաքրքրող հատվածը: Չի կարելի երեխաներին հանել փողոց ու ցույց անել, դա անբարոյականություն է: Լրատվամիջոցներից ոչ ոք չասաց՝ պարոն Հեքեքյան, երեխաներին ինչո՞ւ ես խառնում: Ես Հեքեքյանին ասել եմ՝ թող դիմի Սերմաքեշին, բայց նա չբարեհաճեց՝ ասելով, թե Նախագահն ասել է՝ դու խնդիր չունես, բայց փաստը ցույց տվեց, որ ունի»:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Վարդանյանի այս հայտարարությանը՝ նշեց.

Կարդացեք նաև

«Լկտի սուտ է, ես այդ մասին իմացել եմ այս տարվա սեպտեմբերին: Ես մինչ դա չգիտեի, որ «Հին Երևան» ճարտարապետական նախագիծն իրականացվելու է շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սերմաքեշի ֆինանսավորմամբ: Լսել էի, որ այլ մարդ է: Լևոն Վարդանյանին էլ ես տեսել եմ 3-4 տարի առաջ, և այդ ժամանակ նա ինձ մակետ է ցույց տվել, որտեղ շենքերը լինելու էին 2 հարկ, հիմա նստել՝ 4 հարկ է դարձնում:  Այսինքն, Եթե նախկինում ասում էին, որ «Հին Երևանում» պետք է լինեն երկհարկ շինություններ, ապա հիմա գետնի տակ երկու հարկ ավտոկայանատեղի են կառուցում, մեկ հարկ՝ խանութ, իսկ վերևում՝ չորսհարկանի շենք: Իսկ հին Երևանում, բոլորը գիտեն, որ քառահարկ շենքեր չեն եղել: Ավելին՝ ինքն ինձ չի ասել՝ գնա-բանակցի Սերմաքեշի հետ: Միայն նշում էր՝ կամ պետք է սեփականատիրոջը խնդրես, կամ իշխանությանը դիմես»:

Ինչ վերաբերում է «Հին Երևան» նախագծի հեղինակի այն խոսքին, թե երեխաներին փողոց հանելն ու ցույցին մասնակցելն անբարոյականություն է, Տիգրան Հեքեքյանը նկատեց.

«Ամենամեծ անբարոյականությունն իրենց արածն է ու այդպես խոսելը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ափալ-թափալ սկսեցին շենքը քանդել: Մի հատ չեկան ասեին՝ քանդում ենք: Այդ ժամանակ, ի դեպ, երեխաները փորձ էին անում: Իսկ ցույցը… երեխաները երկրի տերերն են ու դա ապացուցել են բազմիցս: Լևո՛ն ջան, Սովետի ժամանակներն անցել են, հիմա մարդիկ ազատ են»:

Տիգրան Հեքեքյանը նշեց, որ գործը Դատախազությունում է, ակնկալիքներ ունեն նոր իշխանություններից:

«Ուզում ենք հասկանալ՝ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ»,- եզրափակեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս