«Հայաստանի պրոբլեմը ոչ ՀՀՇ-ն է եղել, ոչ էլ ՀՀԿ-ն է». քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի պրոբլեմը ոչ ՀՀՇ-ն է եղել, ոչ էլ ՀՀԿ-ն է, ոչ էլ լավ ու վատ անձերը, Հայաստանի պրոբլեմը «իշխանական կուսակցություն» երևույթն է, երբ իշխանության եկած կուսակցությունը վերցնում է վերջին գյուղը, պետական պաշտոնյան ու կուսակցական նոմենկլատուրան նույնական են դառնում:
Մինչև որ Հայաստանում իշխանությունը ընտրություններով չփոխվի, այլ ոչ թե հեղափոխությամբ, ոչ մի լավ բան մի սպասեք:
Քաղաքականության մեջ «լավ» ու «վատ» մարդիկ հասկացությունը կեղծ կատեգորիա է: Կան լավ ու վատ մեխանիզմներ, լավ ու վատ ավանդույթներ և ինքնուրույն մտածող ու ինքնուրույնությունից զուրկ առաջնորդ փնտրող մարդիկ:
Ռուսները ինչ կուսակցություն էլ ստեղծեն, վերջում КПСС է դառնում, հայերը ինչ էլ ստեղծեն` վերջում ՀՀՇ է ստացվելու ու սկսվելու է սեփականության վերաբաշխումը, երկրով մեկ գրասենյակների հիմնումը, քաղաքացիական ծառայող հասկացության խեղաթյուրումը…: Շարունակությունը դուք գրեք:
Իշխանության կուսակցության համար էլ լավագույն ընդդիմությունը ԲՀԿ-ն է լինելու (անվանումը պայմանական է):
Վերջում ոչ ոքի չմեղադրենք, դա մեր ընտրությունն է եղել: Մենք անձեր ենք ընտրում, այլ ոչ թե սկզբունքներ: Ավտորիտարիզմը և «ՀՀԿ»-ն մեր ուղեղների մեջ է, ուրիշ տեղ մի փնտրեք»: