Էջմիածնի Մայր տաճարի շինաշխատանքները հավանաբար կավարտվեն 2020 թվականին
Արդեն տևական ժամանակ է՝ Էջմիածնի Մայր տաճարում տեղի են ունենում որմնանկարների և պատերի վերականգնման, ամրակայման աշխատանքներ, բացի այդ, վերանորոգվում է տաճարի գմբեթը։
Այս պահին այցելուների համար Մայր տաճարի դռները բաց են, սակայն ներսի պատերի մի հատվածն ամբողջությամբ փակ է, իսկ գմբեթը պատված է շինարարական տախտակամածով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն Գրիգոր Նալբանդյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տաճարի վերանորոգման աշխատանքները հավանաբար կավարտվեն 2020 թվականին, քանի որ որմնանկարների վերականգնման հետ կապված ի հայտ են եկել նոր բացահայտումներ։
«Փաստորեն, մեր աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, որ տաճարի որմնանկարների տակից կան այլ շերտեր, որոնց ուսումնասիրությունն այսօր շատ հրատապ է։ Այսինքն՝ այսպես ասած, պետք է բոլոր շինաշխատանքները դադարեցվեն, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու։ Նախ՝ որմնանկարների տակի շերտը պետք է ուսումնասիրվի, այնուհետև աշխատանքները շարունակենք։ Տաճարի ներսում իրականացնում ենք ամրակայումներ, քանի որ այնտեղ գմբեթակիր սյուները քայքայված վիճակում են։ Որպեսզի դրանք ամրակայենք, մենք այլ միջոցառումներ պետք է անենք, իսկ դրա համար պետք է որմնանկարների պահպանությունն ապահովենք»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ որմնանկարները վերականգնելու համար կան մասնագետներ, որոնք մի մասի դեպքում վերականգնումն իրականացնում են տեղում, մի մասն էլ հանում են, որպեսզի դրանց տակի քարերն ամրակայեն, նորից վերդարձնեն իրենց տեղը։
Ինչ վերաբերում է գմբեթի աշխատանքների ավարտին, Գրիգոր Նալբանդյանը տեղեկացրեց, որ գմբեթի աշխատանքները պարզապես թեթևացրել են, որպեսզի այն կրող սյուներն ամրացնեն, հակառակ դեպքում արդյունքն այն չի լինի։
«Երբ որմնանկարների հարցերը լուծվի, ամրացումներն արվեն, դրանից հետո միայն իրավունք կունենանք գմբեթի քաշը վրան դնել։ Պատկերացրեք՝ ոտքերը հիվանդ են, վերևից ծանրություն ենք դնում, այդպես կլինի՞։ Մեր ցանկությունն է, որ հաջորդ տարի գմբեթի հարցը լուծենք։ Եթե խոչընդոտներ կամ այլ բացահայտումներ չլինեն, մինչև 2020 թվականը տաճարի շինաշխատանքները կավարտենք»,- ընդգծեց Գ. Նալբանդյանը։
Զվարթ Խաչատրյան