«Որոշ ուժեր քայլում են դեպի պատմության աղբանոցը». Նիկոլ Փաշինյան
Այսօր Էջմիածին քաղաքը նշում է իր 2703-ամյակը։ Տոնակատարություններին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ այլևս հին բարքերը չեն վերադառնա։
«Հանձնվեք ժողովրդի առաջ»,- կոչ արեց Ն.Փաշինյանը։
Ըստ նրա՝ էջմիածին քաղաքն ամեն ինչով պետք է համապատասխանի իր կոչմանը՝ Էջ Միածին. «Սա այն հողն է, որտեղ իջել է Միածինը։ Սա մեր ժողովրդի հոգևոր վերածնունդն է։ ՀՀ-ում տեղի ունեցածը արժեքների հեղափոխություն էր»։
Նրա խոսքով՝ ամենուր սեր է, հայը՝ հային, նույնիսկ թշնամին՝ թշնամուն։
«Որևէ հայ որևէ հայի թշնամի լինել չի կարող»,- ասաց Ն.Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ սա չի նշանակում, որ կարելի է ոտնահարել օրենքը։ «Որոշ ուժեր քայլում են դեպի պատմության աղբանոցը»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով չանել դա։
Փաշինյանը նշեց, որ շատ են ասում, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում։
Նա հայտարարեց, որ ով կփորձի բռնապետություն հաստատել, կհայտնվի ոչ միայն պատմության աղբանոցում, այլև՝ «Սանիտեքի»։
Փաշինյանը շնորհավորեց էջմիածնեցիներին՝ նախկին ու ներկա հաղթանակների կապակցությամբ։
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ քաղաքի բանալին այսուհետ պատկանում է ժողովրդին։ Քաղաքի բանալին քաղաքացիները փոխանցեցին մեկը մյուսին և վերադարձրին քաղաքապետարան։
Ի դեպ, երբ Դ.Գասպարյանը հայտարարեց, որ քաղաքի բանալին այլևս չի հանձնվելու իշխանության ներկայացուցչին, այլ պատկանում է ժողովրդին, և աղջնակն այն բեմ բարձրացրեց, բանալին սահեց բարձիկի վրայից և կընկներ գետնին, եթե Նիկոլ Փաշինյանը օդում չբռներ այն։