Ինչ է իրականում մտածում վարչապետի խորհրդականը՝ ներդրումների մասին

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որին հասարակության լայն շերտերը չէին ճանաչում, երկու օր առաջ առաջին անգամ հայտնվեց լրագրողների և հասարակության ուշադրության կենտրոնում՝ անելով, այսպես ասենք, ոչ միանշանակ հայտարարություններ։

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորում է նաև տնտեսական գործոններով։

Վարչապետը վերջին 1-2 շաբաթվա ընթացքում մի քանի անգամ շեշտել է, որ քաղաքական անորոշության պատճառով ներդրողները սպասումների մեջ են, և ռեալ ներդրումներ կգան Հայաստան, երբ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ՝ անորոշությունը կվերանա։

Վարչապետի հայտարարությունից հետո Հայաստանի լրագրողները հասցրել են տնտեսության հետ կապ ունեցող գրեթե բոլորից մեկնաբանություններ ստանալ, թե արդյոք իրոք քաղաքական անորոշությո՞ւնն է պատճառը, որ ակնկալվող ներդրումները դեռ չեն հոսում, և արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վերջապես հնարավոր կլինի տեսնել այն օգուտները, որի մասին հայտարարում էին հեղափոխության առաջնորդները։ Գրեթե բոլորը՝ տնտեսագետները, վարչապետի խորհրդականները,  ՊԵԿ նախագահը և այլք, համաձայնել են վարչապետի պնդման հետ։

Օրինակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն  ասել էր, որ բիզնես միջավայրն այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն՝  հաստատելով ՀՀ վարչապետի տեսակետը, որ որքան շուտ լինեն արտահերթ ԱԺ ընտրությունները, այնքան ներդրողները շուտ կգան Հայաստան:

Եվ ահա երեկ հերթը հասավ Արսեն Գասպարյանին. լրագրողները նույն հարցով մեկնաբանություն խնդրեցին վարչապետի գլխավոր խորհրդականից։ Պատասխանն իրոք զարմացրեց։

«Գիտեք ինչ, ներդրողները նախևառաջ ոչ մի բանի չեն սպասում։ Ես կարող եմ ձեզ ասել, որ օգոստոս ամսվա ընթացքում, սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել՝ աշխարհի բոլոր երկրներից, և պետք է ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից։ Անկախ նրանից՝ այդ գործարարներն Ասիայից են, Եվրոպայից են, Ամերիկայից են։ Աշխարհի գրեթե բոլոր, շատ-շատ երկրներից և տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ և գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ նոր գործունեություն ծավալել»,- ասաց նա։

Ստացվեց, որ ըստ վարչապետի գլխավոր խորհրդականի՝ արտահերթ ընտրություններն ամենևին անհրաժեշտ նախապայման չեն ներդրումներ ունենալու համար, այդ նախապայմանն արդեն կա՝ փաստացի կատարված հեղափոխությունը։

Բնական է, որ այս հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին քննարկել Արսեն Գասպարյանի խոսքերը՝ ակնհայտ հակասություն տեսնելով նրա և վարչապետի, տնտեսական բլոկի պատասխանատուների հայտարարությունների միջև։ Հակասություններ տեսան անգամ հենց իր՝ Արսեն Գասպարյանի ասածների միջև, որովհետև եթե ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, ուրեմն արդե՛ն իսկ ներդրումների ներհոսքի զգալի աճ պետք է գրանցված լիներ, սակայն պաշտոնական վիճակագրությամբ հակառակն է՝ երկրորդ եռամսյակում ունենք ուղղակի ներդրումների ստացումների 43.5% անկում։

Ակնհայտ է, որ Ա. Գասպարյանի հայտարարությունները և դրան հետևած հասկանալի աժիոտաժը խոսակցության պատճառ է դարձել։ Եվ վարչապետի գլխավոր խորհրդականը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ապացուցելու համար, որ իր և վարչապետի ասածների մեջ հակասություն չկա։ Ա. Գասպարյանն այս անգամ հատուկ ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, և այդ պրոցեսն արագացնելը բխում է Հայաստանի տնտեսական շահերից։

Ցավալին, սակայն, այն է, որ պրն Գասպարյանը ոչ թե ընդունեց, որ միտքն այնքան էլ լավ չի ձևակերպել, այլ տարիներ շարունակ իշխանությունների մոտ ձևավորված ավանդույթի համաձայն՝ մեղքը գցեց լրագրողների վրա։

«Երեկ որոշ լրատվամիջոցներում եղան մեկնաբանություններ և փորձ արվեց ցույց տալ, թե այս հարցի կապակցությամբ կա տարբերություն իմ և վարչապետի ասածների միջև: Ասեմ, որ բացարձակ որևէ տարբերություն չկա:  Ընդգծեմ, կա հստակ մոտեցում, որ իրոք Հայաստանի հստակ շահերից է բխում, որպեսզի արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ասաց Արսեն Գասպարյանը:

Փորձենք առանց ավելորդ զգացմունքայնության հասկանալ այս պատմությունը։

Մենք շատ ուշադիր նայեցինք ճեպազրույցի ամբողջ տեսանյութը։ Արսեն Գասպարյանի խոսքի առաջին մասը (որ ներդրողները ոչ մի բանի էլ չեն սպասում) բառացի արդեն ներկայացրեցինք։ Սակայն շարունակությունն ավելի հետաքրքիր է։

Զգալով, որ պրն Գասպարյանը հարցի պատասխանն այլ ուղղությամբ է տանում՝ լրագրողներից մեկը ճշտող հարց է տալիս՝ քաղաքական անորոշություններն ի՞նչ հետևանքներ կունենան տնտեսության վրա։

Պրն Գասպարյանը շարունակում է. «Դա առաջին հերթին ժողովրդի պահանջն է, որ արտահերթ ընտրություններ կայանան…»:

Լրագրողը կրկին փորձում է վարչապետի խորհրդականին վերադարձնել պաշտոնական գծի վրա՝ «հարցս հետևյալն է…»… Պրն Գասպարյանը պատասխանում է. «Ես հասկացա հարցը։ Բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունենա, որովհետև Հայաստանում վիճակը կայուն է, և եթե ընտրություններ են տեղի ունենում՝ լինի դա Հայաստանում, թե որևէ այլ երկրում… Երևանի քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին 80-ից ավելի տոկոս. ի՞նչ էր դա նշանակում։

Քաղաքապետի ընտրությունները դա քաղաքական ռեալություն արձանագրություն է, և այդ քաղաքական ռեալության արձանագրումը նույնպես տեղի կունենա խորհրդարանական ընտրություններից հետո։ Եթե ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես տեղի ունեցան քաղաքապետի ընտրությունները, որոնք եղան ազատ և արդար…»:

Մեր համառ գործընկերը երրորդ անգամ է փորձում հետագա անախորժություններից փրկել Արսեն Գասպարյանին և կրկին ցանկանում ճշտել՝ «Հարցը նրա մասին է, որ…»: Սակայն վարչապետի գլխավոր խորհրդականի համբերությունը այստեղ գրեթե սպառվում է.

«Թողեք ավարտեմ: Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ կամ այն գործարարների հետ… Բոլոր ներդրողները, գործարարները, որոնք եկել են մեր գրասենյակ, կառավարություն, և հետաքրքրված են բազմաթիվ պրոյեկտներով՝ լինեն թվային, ճանապարհների հետ կապված, գործարանների կառուցման հետ կապված, նոր աշխատատեղեր ստեղծելու հետ կապված, բոլորը նշում են այդ քաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում։

Այսինքն՝ ներդրողին կամ օտարերկրյա գործարարին առաջին հերթին հետաքրքրել է քաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել, և իհարկե՝ մեծ նվաճում էր քաղաքապետի ընտրությունները, քանի որ դա արձանագրեց քաղաքական ռեալ պատկեր, և նույնն էլ կլինի խորհրդարանական ընտրություններից հետո»։

Վերջ, այսքանը։ Կասե՞ք՝ ինչպես ստացվեց, որ լրագրողներն այլ կերպ ներկայացրեցին և հակասություն հնարեցին պրն Գասպարյանի ասածների և վարչապետի ասածների միջև։

Լավ, եկեք ընդունենք, որ վարչապետի գլխավոր խորհրդականը կարող է այլ կարծիք ունենալ։ Նաև եկեք հաշվի առնենք, որ նա տնտեսագետ չէ, քաղաքագետ է։ Նա արտաքին քաղաքականության գծով է մասնագիտացած, դատելով կենսագրությունից՝ բավականին տեղեկացված և պրոֆեսիոնալ կադր է։ Սակայն նա ծանոթ չէ ներդրումների փաստացի ցուցանիշների հետ և միգուցե մեծ կարևորություն չի տալիս, որ հետաքրքրությունը դեռ ներդրում չէ։

Սակայն խնդիրը դա չէ։ Ուշադիր լսելով հարցազրույցը՝ կարելի է գլխի ընկնել, որ պրն Գասպարյանը հարցն այլ կերպ է հասկանում՝ արդյոք արտահերթ ընտրությունները չե՞ն խանգարի ներդրողներին։ Ու ըստ այդմ էլ պատասխանում է՝ փորձելով լավատեսական տրամադրություններ ստեղծել և փարատել այն մտահոգությունները, որ սովորաբար ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության և ներդրումների վրա։ Այսինքն՝ ոչ թե լրագրողներն են սխալ հասկացել վարչապետի խորհրդականին, այլ նա է սխալ հասկացել լրագրողներին՝ չնայած որ վերջիններս մի քանի անգամ փորձում են օգնել նրան այդ հարցում։

Խնդիրն այն է, որ վարչապետի խորհրդականը (այն էլ՝ գլխավոր) պետք է կես խոսքից հասկանար՝ ինչ հարց է հնչում, քանի որ այդ հարցը վերջին շաբաթվա տնտեսական լրահոսի թիվ մեկ հարցն է։ Կամ, եթե երկրի տնտեսական անցուդարձով ու լրահոսով չի հետաքրքրվում, գոնե պետք է հրաժարվեր պատասխանելուց, այն էլ հանպատրաստից՝ ոտքի վրա՝ նշելով, որ դա իր ոլորտը չէ։

Այսինքն, այս կիքսը ցույց է տալիս, որ կառավարության մեջ ընկալումների և մոտեցումների առումով խզում կա, հաղորդակցության պակաս։ Իսկ միայն հենց այդ փաստը կարող է որոշակի անվստահություն ձևավորել կառավարության նկատմամբ, քանի որ մեկը մի բան է ասում, մեկը՝ լրիվ այլ բան։

Տեսանյութեր

Լրահոս