Բաժիններ՝

Տրվել է Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողովի» (WCIT) հետհաշվարկը

Մեկնարկել է ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այս տարի արդեն 14-րդ ցուցադրությունն անցկացվում է հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում:

««ԴիջիԹեքը» համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես տոնում ոլորտային հաջողությունները»,- նշում են ցուցահանդեսի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը նշում է, որ Հայաստանում շատ թաքնված գանձեր կան, իսկ «ԴիջիԹեքն» ամեն տարի միավորում է տեխնոլոգիական ընկերություններին ու պատկերը լրացնում Հայաստանի մասին:

«Ցուցահանդեսին այցելուները պետք է ընտանիքներով հաճախեն. տեսնեն հայ ինժեներների, հայկական ընկերությունների  ներուժը, մեր ապագան։ Մենք ընդգծում ենք այս ցուցահանդեսի խիստ կարևորությունը ու նախանշում, թե ինչպես ենք տեսնում ոլորտի և Հայաստանի ապագա զարգացումը և ուր ենք գնում»:

Կարդացեք նաև

Ցուցահանդեսն արդեն իսկ ընդունել է մի շարք հյուրերի, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին;

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ մեծ ապագա ունի, և հայ երիտասարդները կարող են մեծ հաջողության հասնել:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հատկապես տպավորված էր «ԱրՄաթ»  ինժեներական լաբորատորիաների աշակերտների աշխատանքով: Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ պետական բյուջեից 300 մլն դրամ կհատկացվի «ԱրՄաթ» նոր ինժեներական լաբորատորիաների բացման համար:

Այս տարի «ԴիջիԹեքիբաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «ԱրՄաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափներ: Ստարտափ  ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

«ԴիջիԹեք 2018»-ի շրջանակում, որը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, պաշտոնապես մեկնարկել է նաև Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողովի» (WCIT) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. hոկտոմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի դեպ, «ԴիջիԹեքի» պատվավոր այցելուների թվում են նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահն ու քարտուղարը, ինչպես նաև WITSA տնօրենների խորհրդի անդամները շուրջ 40 երկրից: Նրանք «ԴիջիԹեքում» կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին, հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս