«Այդ 4 կուսակցությունները արտաքին կառավարման գործիք են և ամեն վայրկյան կարող են դիվերսիոն գործողություններ կատարել». Աշոտ Մանուչարյան

«Գործող ուժերը, որոնք իշխանափոխությունից հետո կորցրին իշխանությունը, արտաքին կառավարման գործիք են և այսպիսի վիճակում չեն կարող մնալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների մնալը վտանգավոր է ՀՀ-ի համար. «Նրանց կատարածի հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել։ Արտաքին ուժերը նրանց միջոցով այս 5 ամսվա ընթացքում փորձում են քաոսային վիճակ ստեղծել երկրում, և նրանք, ցավալիորեն, դրան տրվում են։ Նրանք լրիվ այլ ֆունկցիա են իրականացնում և այդ ամենը կատարում են արտաքին կառավարման ներքո, ինչպես այս իրադարձություններն էլ ցույց տվեցին, երբ ի հայտ եկան արտաքին կառավարման կոնկրետ սուբյեկտները։ Այս ամենը բավականին վտանգավոր դարձրեց իրենց և ցույց տվեց թույլ տված որոշ սխալները»։

Մանուչարյանը կոպիտ սխալ է համարում այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ձայներ է ստացել. «Եթե շատ հստակ դրված լիներ, որ 4 կուսակցությունները, որոնք վերջին տարիներին կառավարել են երկիրը, արտաքին կառավարման գործիք են և ամեն վայրկյան կարող են դիվերսիոն գործողություններ կատարել։ Փաշինյանը նրանց ընձեռեց քաղաքականությունից խաղաղ հեռանալու հնարավորություն. նրանք պետք է հեռանան քաղաքականությունից։ Դա չի նշանակում, որ ազնիվ գործիչները չեն կարող որոշակի գործունեությամբ զբաղվել, բայց ոչ այդ կառույցների շրջանակներում»։

Մանուչարյանը հստակեցրեց՝ 4 կուսակցություններն են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը։

168.am-ի հարցին՝ այդ դեպքում միակուսակցական համակարգի վտանգ չի՞ լինի, նա պատասխանեց, որ, եթե այդ կուսակցությունները չլինեին, նորերը կձևավորվեին. «Հիմա ժողովուրդը հստակ ընկալում է, որ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, շարունակվելու է, կամ համախմբվում են Փաշինյանի շուրջ և դուրս մղում այդ ուժերին։ Ժողովուրդը դա ընկալում է՝ ոչ թե ընտրություն, այլ պատերազմ՝ ընդդեմ օտար ներխուժման։ Այդ օտար ներխուժումը պետք է դուրս շպրտվի։ Նրանք պետք է լուռ մնային, բայց գործողություններ արեցին, երևացին նաև արտաքին կառավարիչները՝ ԵԽ ԽՎ-ն փաստաթուղթ ուղարկեց»։

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ նրա՝ արտաքին կառավարման տակ է. «Ռուսաստանում էլ կան նույն դիվերսիոն խմբերը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս