Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տնտեսական բաղադրիչը
Ցանկացած արտահերթ ընտրություն վկայությունն է քաղաքական ինչ-որ ճգնաժամի և, ըստ էության, միտված է դրա հանգուցալուծմանը։ 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրին գործադիր իշխանության ղեկավարի հրաժարականին։ Եթե 2015թ. Հայաստանի սահմանադրական կարգը վերափոխված չլիներ և պահպանված լիներ կիսանախագահական կառավարման համակարգը, անցկացվելու էր նախագահի արտահերթ ընտրություն։ Դրանից հետո պետությունը մտնելու էր զարգացման նորմալ շրջափուլի մեջ՝ ինստիտուցիոնալ առումով կենտրոնանալով տնտեսության կարգաբերման վրա։
Սակայն խորհրդարանական կառավարման համակարգն ու սահմանադրական կարգավորումները թույլ չտվեցին արագ կազմակերպել ամբողջական իշխանության փոխանցման գործընթացը՝ երկիրը ներքաշելով սքողված լարվածության մեջ։ Հատկապես այն բանից հետո, երբ հեղափոխական հրապարակը մերժեց գործադիրի կառավարումը ՀՀԿ-ի ձեռքին թողնելու բոլոր փորձերը, տրամաբանական կլիներ, որ անմիջապես անցկացվեր ԱԺ արտահերթ ընտրություն։ Վերջինը տեղի չունեցավ՝ ինքնստինքյան թե՛ ներպետական, թե՛ արտաքին հարաբերությունները տեղափոխելով սպասման փուլ։ Թեպետ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելով ներպետական լարված իրավիճակը կայունացավ, սակայն չհանգուցալուծվեց։ Իսկ որևէ պետություն չի կարող նորմալ զարգացման երթուղի մտնել, եթե անցումային շրջանը չի ավարտվել, ավելին՝ այդ անհրաժեշտ անցումը խափանման սպառնալիքի տակ է։
Յուրաքանչյուր հեղափոխական գործընթաց, իր տրամաբանության սահմաններում, առնվազն կարճաժամկետ կտրվածքով ոչ միայն հանգում է տնտեսական դժվարությունների, այլև վերջինները կարող են նույնիսկ դրսևորվել ետընթացի ու ձախողումների տեսքով։ Հայաստանում այդպիսի երևույթ տեղի չունեցավ՝ չհաշված առանձին նեղ շրջանակների մոտ նկատված որոշակի տագնապները, ինչն օրինաչափորեն բխում էր նոր իրավիճակից։ Սակայն, ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվությունը չխաթարվեց և քաղաքական ճգնաժամը շղթայաբար չհանգեցրեց անխուսափելի թվացող տնտեսական ճգնաժամի։ Դրան թերևս նպաստեց երկու հանգամանք։ Նախ, Հայաստանում տնտեսական կյանքը խստագույնս զսպված էր արհեստական գործիքներով և այդօրինակ զսպանակի բացմամբ տնտեսությունը չընկավ բացասական ուղեծրի մեջ։ Ըստ էության, նախկին իշխանության կառուցած տնտեսական հարաբերությունները երաշխավորված չէին իշխանություն-հասարակություն փոխվստահությամբ, ինչի արդյունքում էլ ցնցումները բառացվեցին։ Եվ ապա, ցնցումներից հնարավոր դարձավ խուսափել նոր վարչապետի անձնական դրական համարումի ու բարձր հեղինակության շնորհիվ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
Սակայն տնտեսության համալիր զարգացումը պահանջում է նախ՝ կայունություն, ապա՝ կանխատեսելիություն։ Հեղափոխության ծնդունդը նախ և առաջ Հայաստանում հաստատված քվազի իրականությունն էր, երբ իրական կյանքն ու պաշտոնական դիսկուրսը որևէ ընդհանրություն չունեին միմյանց հետ։ Հասարակությունը հրապարակում մերժեց հենց այդ կեղծիքը՝ հրաժարվելով հանդուրժել սուտը իրականության տեղ ներկայացվող տարիների պրակտիկան։ Եվ ահա այժմ այդ նույն հասարակությունը ի վիճակի չէ հավատալու ԱԺ-ում ներկայացված ուժերի խոստումներին, ըստ որոնց՝ կառավարության գործունեությունը չի խոչընդոտվելու տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս։ Բայց չէ որ չխոչընդոտելու մասին հայտարարությունն ինքնին սպառնալիք է, որը ի ցույց է դնում ԱԺ պատգամավորների պոտենցիալը հնարավոր խոչընդոտներ հարուցելու առումով։ Այդպիսի պայմաններում ո՞ր մի գործարարը Հայաստանում կարող է վստահել գործադիր իշխանության հավաստիացումներին՝ արդեն իսկ մտքում ունենալով, որ առնվազն տեսական մակարդակում իրեն տնտեսական գործունեության անխափանության երաշխիքներ տված կառավարության քաղաքականությունը կարող է խոչընդոտվել։
Ի վերջո, բարեփոխումները չեն կարող օգտակար լինել, եթե դրանք համալիր չեն և վերաբերում են միայն առանձին ոլորտներին՝ իզալացված տարբերակով։ Իսկ համալիր փոփոխությունների պատշաճ իրականացումը պահանջում է ինչպես ամբողջական իշխանության ընկալում և օրենսդիր-գործադիր-դատական ճյուղերի ներդաշնակ համագործակցություն, ինչը հնարավոր է բացառապես փոխվստահության մթնոլորտում, այնպես էլ կանխատեսելի իրադրություն։ Ուստի, տնտեսության համար նոր շնչառություն կարող է բացվել, երբ օրենսդիր մարմինը գործադիրի հետ կխոսի ոչ թե խոչընդոտելու հնարավորությունից չօգտվելու, այլ համաձայնեցված քաղաքականության մասին։
Նժդեհ Հովսեփյան